Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան
«Իմ պատկերացմամբ, ԱՄՆ-ն ու ընդհանուր Արևմուտքը հիմա փորձում են մինչև ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները վերջնականացնեն խաղաղության պայմանագիրը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պ․գ․թ․, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը։
Նշենք, որ այսօր Բաքվում կայացել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Կարպենտերի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ալիևին ուղղված նամակը, որտեղ Բայդենը խրախուսում է այս տարվա ընթացքում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի կնքումը։
Մյուս կողմից քաղաքական վերլուծաբանն այս ակտիվացումը պայմանավորում է օրեր առաջ Ստամբուլում 3+3 ձևաչափի անդամների հանդիպմամբ ու դրան հետևած հայտարարություններով։ Հիշեցնենք՝ Վրաստանն այս անգամ էլ չէր մասնակցում հանդիպմանը։
«Քանի դեռ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի ֆիքսվել իր ներքին հարցերի վրա, քանի դեռ կա հնարավորություն կասեցնել այն ձևաչափը, որտեղ ներգրավված են Իրանն ու Ռուսաստանը, արևմուտքը փորձում է օգտագործել լծակները մինչև ընտրություններն ու COP29 գագաթնաժողովը։ Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի հետ պետք է ինչ-որ կերպ պայմանավորվել, ահա այդ պատճառով մենք այսպիսի ակտիվություն ենք տեսնում»,-ասաց Մելքոնյանը։
Գործնականում ինչպիսի՞ քայլերի կարող ենք ականատես լինել, քանի որ Բայդենն իր նամակում նշել է համարձակ նախաձեռնությունների մասին։ Հարցին ի պատասխան Մելքոնյանը նկատեց, այսօր Հայաստանի խորհրդարանում քննարկում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը, նման գործընթաց պետք է լիներ նաև Ադրբեջանում։
«Բայց այդ գործընթացի մեկնարկը չկա։ Բոլորս հասկանում ենք, որ Ալիևը շահագրգռված չի խաղաղության պայմանագրով, բոլորս հասկանում ենք, որ հիմա ով ինչ լծակ ունի, օգտագործում է այդ ուղղությամբ, որպեսզի ինքը դառնա գլխավոր peace բրոքերը։ Հիմա Արևմուտքն ասում է Ադրբեջանին, պետք է ներսում ինչ-որ գործընթաց սկսեք։ Եթե հաջողեն ԱՄՆ-ի քայլերը, կտեսնենք Ադրբեջանի կողմից ակտիվություն մինչև նոյեմբեր՝ COP29 գգաթաժողովը»,-ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, Ադրբեջանը կանի ամեն ինչ, որ իր համար պարտականություններ սահմանող որևէ փաստաթուղթ չստորագրի, քանի որ Հայաստանից շարունակում է ստանալ ամեն ինչ առանց պայմանագրի։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- 3+3 հարթակի հանդիպումից հետո, որին մասնակցել է Արարատ Միրզոյանը, հրապարակվել է համատեղ հայտարարություն
- Խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է, քանի դեռ գոյություն ունի Բաքվի քաղցկեղային այս կազմավորումը. Վարդան Ոսկանյան
- «3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. Զախարովա
- Փաշինյանն ու ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
- Աստանան պատրաստ է Երևանին և Բաքվին խաղաղ բանակցությունների համար հարթակ առաջարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան