Հայաստանում 42 հազար սովորող ուսումնասիրում է գերմաներեն․ դեսպան Կլաուդիա Բուշ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:
«Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ գերմանական առաջատար ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ արդեն իսկ առկա է համագործակցության արդյունավետ փորձ: Անդրադառնալով կրթության և գիտության բնագավառում հարաբերությունների խորացմանը՝ կողմերն անդրադարձել են միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին, ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրերի, համատեղ կրթագիտական նախաձեռնությունների իրականացմանը:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել նպաստելու Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների խորացմանը: Դեսպանը կարևորել է կրթության, գիտության, լեզվի դասավանդման և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով մասնավորապես մշակութային կրթության կարևորությունը։
Դեսպանն ուրախությամբ փաստել է՝ Հայաստանում 42 հազար սովորող ուսումնասիրում է գերմաներեն, և լեզվի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է: Այս համատեքստում՝ կողմերը կարևորել են կրթության տարբեր մակարդակներում համագործակցության զարգացումը՝ շեշտելով նաև դուալ կրթության համակարգում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում: Դեսպանը կարևորել է նաև Երևանում Գյոթե կենտրոնի գործունեությունը:
Կողմերն անդրադարձել են նաև գերմաներենի` որպես օտար լեզվի ուսուցման որակի բարելավման նպատակով սեմինարների, խորհրդատվությունների, փոխադարձ այցերի կազմակերպմանը:
ԿԳՄՍ նախարարը դեսպանին է ներկայացրել նաև «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը՝ այս համատեքստում ևս ընդգծելով գերմանական հեղինակավոր հաստատությունների հետ համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում: