Որոշ անձինք փորձել են օգտվել Քրեակատարողական ծառայողի օրվա հետ կապված տոնական և նախատոնական իրավիճակներից
Հոկտեմբերի 18-ին և 19-ին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում գրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր, որոնք կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Հատկանշական է, որ նշված բոլոր ապօրինի դեպքերն արձանագրվել են Քրեակատարողական ծառայողի օրվա նախօրեին և հենց տոնի օրը, ինչը փաստում է այն մասին, որ որոշ անձինք ակնկալել են նախատոնական և տոնական օրերին զգոնության պակաս և հսկողության թուլացում քրեակատարողական ծառայողների կողմից, սակայն ծառայողների աչալրջության շնորհիվ բոլոր նախատեսված փոխանցման փորձերը անմիջապես կանխվել և բացահայտվել են։
Այսպես․
1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ներնետել արգելված իրեր։ Հոկտեմբերի 18-ին իրականացվող օպերատիվ միջոցառումների շրջանակներում նույն բաժնի ծառայողները հիմնարկի հարակից տարածքում նկատել են կասկածելի ավտոմեքենա և երկու քաղաքացու։ Ծառայողների կողմից անմիջապես հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդան քաղաքի ոստիկանության բաժին։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ավտոմեքենայում հայտնաբերել են կասկածելի փաթեթներ, որոնցում առկա են եղել 4 բջջային հեռախոս, 2 USB լար, 2 ականջակալ։ Ավտոմեքենայում առկա է եղել նաև անօդաչու թռչող սարքը (դրոնը)՝ իր հեռակառավարման վահանակով, մարտկոցով և ներնետման սարքով։
2. Հոկտեմբերի 18-ին «Արթիկ» քրեակատարողական հինարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձին քաղաքացի Ա․ Վ․-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը։
Զննությամբ սառնարանի շարժիչի միջի թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 2 USB լար։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
3. Հոկտեմբերի 18-ին հանձնուքի միջոցով կալանավորված անձին ապօրինի փոխանցման ևս մեկ փորձ արձանագրվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Թ.-ի կողմից կալանավորված անձին բերված հանձնուքը։ Արդյունքում՝ հանձնուքում առկա լուծվող սուրճի փաթեթների մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ։
Ն․Թ.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
4. Սույն թվականի հոկտեմբերի 19-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա խուզարկության են ենթարկել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բուժակ Ա․Ա․-ին, որի մոտ առկա տոպրակից ծառայողները հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 2 USB լար, անլար ականջակալ և լիցքավորիչ, ինչպես նաև՝ ոսկյա զարդեր, կասկածելի դեղահաբ և խոնավ շորի կտոր՝ ներծծված թմրամիջոցի նմանվող զանգվածով։
Ա․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Քրեակատարողական ծառայությունը հերթական անգամ կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան