Դատախազը պահանջել է Վովայի Արշակին մեղավոր ճանաչել
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) գործով դատարանում դատաքննությունն ավարտական փուլում է։
Հակոբյանի պաշտպան Զորայր Հարությունյանը «Հրապարակ»-ին փոխացել է՝ առաջիկայում իրենք հանդես կգան պաշտպանական ճառով, նախորդ նիստին հանրային մեղադրողը ներկայացրել է մեղադրական ճառը․
«Դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել․ նոր օրենսգրքով ճառով «պատիժ» չի պահանջվում»։
Դատաքննությունը տևել է մեկ տարի, եւ, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալին ամբողջությամբ արդարացնող քննություն է եղել։
«Մեղադրանքի կողմը վկաների քանակը անիմաստ ուռճացրել էր եւ չէր էլ կարողանում ապահովել վկաներին, դատարանն ահագին ժամանակ ծախսել է վկաներին գտնելու եւ հարցաքննելու համար։ 30-ից ավելի վկաներ են եղել»,-ասել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման հատկանիշներով։
Նա 2022-ին 562 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան