«Հրապարակ». Ինչու է կառավարությունն անբացատրելի շտապողականություն դրսևորում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցում ՀՀ կառավարությունն անբացատրելի շտապողականություն է դրսևորում։ Մինչ Ադրբեջանը մատը մատին չի խփում, մեր իշխանություններն օրենքի խախտումով` ափալ-թափալ, կանոնակարգի նախագիծը հաստատեցին պատկան հանձնաժողովում և խցկեցին այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգ։ Գլխադասային պետաիրավական հանձնաժողովում կանոնակարգը քննարկվեց և ընդունվեց երեկ` ժամը 15.00-ի սահմաններում։ Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը սահմանում է նախագծերի քննության ընթացակարգը՝ որ նախագիծը կարող էր վաղվա օրակարգում ներառվել, եթե այն ընդունվեր մինչև ժամը 12:00-ն:
«Հանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ուշ, քան ԱԺ հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաև մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրվա ժամը 12:00-ն»։ Սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանին երեկ հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված այս շտապողականությունը։ Ասաց՝ բացարձակ չեն շտապում: Բայց Ադրբեջանում որևէ գործընթաց չկա։ Մհեր Գրիգորյանն արձագանքեց․ «Դուք ճշտե՞լ եք, գիտե՞ք»: Ճշտելը, իհարկե, իրենց պարտականությունն է: Բայց ի՞նչ տեղեկություն կա, որ Ադրբեջանը սկսել է կանոնակարգի վավերացման գործընթացը. փոխվարչապետը խուսափեց պատասխանից՝ վստահեցնելով միայն, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ վավերացնել, չէր ստորագրի կանոնակարգը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: