Շիրակում տասնյակ հեկտարներով աշնանացան չի կատարվել. Թումասյան
Պաշտոնական տվյալներով, նախորդ տարի Հայաստանում, հատկապես Շիրակի մարզում, աշնանացանի նվազագույն ցանքսն է եղել։ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի, իր դիտարկումներում, Շիրակի մարզում այդ ցուցանիշը 60-70 տոկոսով ավելի է պակասել։
«Գրեթե աշնանացան չի կատարվել տարբեր պատճառներով։ Օրինակ, ցորենի գնի անկում, մկների առատություն։ Մասսայական կրծողների բներ են դաշտերում։ Նույն դաշտում մենք մի անգամ պայքար ծավալել ենք մկների դեմ, էլի այդ վիճակն է։
Այսինքն, վար ու ցանքի ծախսերին գումարվում է մկների դեմ պայքարի համար թունաքիմիկատների ձեռք բերումը»,- նշեց նա։
Վ.Թումասյանի խոսքով, Անի շրջանի վարեալահողերը ժամանակին Հայաստանի հացի շտեմարան են հանդիսացել, իսկ հիմա ամենաաղքատ, ոչ եկամտաբեր տարածքն է։
«Նաև կա այլ պատճառ։ Խարկով գյուղի տարածքի հազարավոր հեկտար հողեր գտնվում է փշալարերերից այն կողմ, սահմանային գոտում։ Մարդկանց ելք ու մուտքը խիստ սահմանափակված է, սահմանապահներն են հսկում, տեխնիկա չեն թողնում։ Փշալարերի տեղափոխման խնդիրը պետությունն իր վրա պետք է վերցներ։
Բացի վարելահողերից, հսկայական արոտավայրեր կան այդ հատվածում։ Անասնագլխաքանակը նվազել է։ Աղին կայարան գյուղից եթե նախորդ տարի մի ամբողջ նախկիր կար, հիմա այդ ամբողջ համայնքում մեկ-երկու կով կա։ Մնացած գյուղերում 60-70 տոկոսով խոշոր եղջերավորների գլխաքանակը պակասել է. արոտավայրերի խնդիր կա, իսկ մեր արոտավայրերը սահմանային հսկայական տարածքում անմշակ է։
Այս ամենի պատճառով գյուղատնտեսությունը գրեթե մահվան ծայրահեղ եզրին է, հատկապես հայ-թուրքական սահմանին գտնվող Անի ենթաշրջանում»,- ասաց նա։
Թումասյանն ընդգծեց, որ պետական որևէ ծրագիր չի իրականացվում ստեղծված վիճակը մեղմելու համար. «Գյուղացիները որոշել են դրա դեմ պայքարել դաշտ չգնալով։ Այս գյուղերի բնակիչները զբաղվում էին անասնապահությամբ ու հացահատիկի մշակությամբ։ Եթե հացահատիկ չեն մշակում, անասուն չեն պահում, մնում է արտագաղթել, այլապես ինչպես ապրել, եթե զրկվում են ապրելու իրենց միակ միջոցից։ Այդ պատճառով էլ գյուղերը դատարկվում են»,- նշեց Վ.Թումասյանը։
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավարի խոսքով, հողը, հողագործը, գյուղատնտեսությունն անտեր է, ընդամենը լոզունգներ են հնչում պետության կողմից
«Պետք է լինի պետության անմիջական մասնակցություն կրծողերի դեմ պայքարում, սահմանագծի փշալարարի տեղափոխում դեպի Ախուրյան գետը, սահմանային ռեժիմի թուլացում, որ մարդիկ անասունը տանեն արոտավայրեր, պետական ծրագրերով նպաստեն, որպեսզի մարդիկ գնան ու իրենց դաշտերը մշակեն։ Պետք է նաև տեխնիկա հատկացնեն։ Այսինքն, խնդիրների լուծմանը պետական մոտեցում է պետք»,- ասաց Վահան Թումասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է. Գևորգ Պապոյան
- 2018-2023 թվականներին գյուղատնտեսությունը կրճատվել է 16.2%-ով.Աղասի Թավադյան
- Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան
- Գյուղացիներն ասացին՝ հովիվների պրոբլեմ կա. Նիկոլ Փաշինյան