Զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը Հայաստանում նվազել է 62 %-ով. ՀԲ
Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում ասվում է.
«Չնայած անկման միտմանը` օգոստոսին ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումը շարունակել է մնալ արտահանման աճի հիմնական շարժիչը: Ապրանքների արտահանման ծավալներն աճել են 58.1 %ով , իսկ ներմուծման ծավալներն աճել են 18.7 %-ով : Արտահանման աճը հիմնականում պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (այդ թվում` ոսկի և թանկարժեք զարդեր) եռապատիկ ավելացմամբ:
Չհաշված այս խումբը` արտահանումն օգոստոսին աճել է 11 %-ով: 2024 թ. առաջին կիսամյակի վճարումների հաշվեկշռի տվյալները վկայում են, որ ապրանքների ոլորտում առևտրի պակասուրդը բարելավվել է, իսկ ծառայությունների ոլորտում հաշվեկշիռը վատթարացել է: Այսպես, զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը նվազել է 62 %-ով ` պայմանավորված 2024 թ. առաջին կիսամյակում զբոսաշրջային ժամանումների թվի 6.1 % անկմամբ և մեկ զբոսաշրջիկի հաշվով միջին ծախսերի 25 % նվազմամբ՝ 2023 թվականի բարձր կատարողականից հետո: Եկամտային հաշվեկշռի վատթարացումը, որը հիմնականում պայմանավորված էր արտերկրից դրամական փոխանցումների 28 % նվազմամբ, ևս նպաստել է ընթացիկ հաշվի մնացորդի նվազմանը:
Սեպտեմբերին ՀՀ դրամը գրեթե կայուն է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ և աննշան արժևորվել է ռուբլու նկատմամբ: 2023 թ. սեպտեմբերի համեմատ` ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքը 1.5 %-ով ավելի ուժեղ է եղել, իսկ ՀՀ դրամ-ռուբլի փոխարժեքը 3.7 %-ով թույլ է եղել: ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է արտարժույթ ձեռք բերել շուկայից` փոխարժեքի կտրուկ տատանումները հարթեցնելու համար: Սեպտեմբերին միջազգային պահուստներն աննշան նվազել են (39 միլիոն ԱՄՆ դոլարով)` ներմուծման ծածկույթը հասցնելով 2.3 ամսվա, ինչն ամենացածրն էր անցած տասնամյակում:
Օգոստոսին գրանցվել է 26.5 միլիոն ՀՀ դրամ պակասուրդ , որն ընդհանուր պակասուրդը հասցրել է տարեկան կանխատեսված ՀՆԱ-ի 0.8 %-ին: Անվանական արտահայտությամբ` հարկային մուտքերը (այդ թվում` հիփոթեքի մասով եկամտային հարկի վերադարձը) օգոստոսին ավելացել են 11.1 %-ով: Բնապահպանական, շրջանառության և ակցիզային հարկերը գրանցել են աճի ամենաբարձր տեմպը, համապատասխանաբար, 40 % , 31 % և 18 % :
Ընդհանուր ծախսերն օգոստոսին ավելացել են 10.5 %-ով ` պայմանավորված հիմնականում սոցիալական պաշտպանության ոլորտի հատկացումներով, որը 29 %ով ավելացավ փախստականներին տրամադրվող աջակցության լրացուցիչ ծախսերի պատճառով: Միևնույն ժամանակ, կապիտալ ծախսերն օգոստոսին նվազեցին 0.5 %-ով: Հանրագումարում` հարկային մուտքերն ավելացան 8.8 %-ով:
Այնուամենայնիվ, չհաշված հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկի վերադարձը (համադրելի անցած տարվան)` ընդհանուր հարկային եկամուտներն ավելացան ընդամենը 5.3 %-ով , իսկ ընդհանուր ծախսերն ավելացան 16 %-ով (հիփոթեքային վճարումների սալդոյով): Սա բյուջեի պակասուրդը հասցրեց 84.6 միլիարդ ՀՀ դրամի` 2023 թ. նույն ժամանակահատվածի 71.6 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդի համեմատ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 5,5 % անկում է գրանցվել. ՀԲ
- ՀԲ. Հայաստանում կանայք նույն աշխատանքի համար մոտ 30 տոկոսով ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ
- ՀԲ. Հայաստանի տնտեսական ակտիվության իրական աճը դանդաղել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին