Այդ փողերը, որ լափում են, ուտում են... ինձ հետաքրքիր չէ՝ ձեր իշխանության ժամանակ է եղել, թե դրանից առաջ. Դանիելյան
«Ձեր կառավարության բերած սկզբունքների համաձայն, ճանապարհները սպասարկող տեխնիկան 70-80-ականներ թվականների չպետք է լինեն»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ նրա, լավագույն դեպքում «Զիլ»-եր են, մի քանի հոգի էլ այդ «Զիլ»-ից աղ են այս ու այն կողմ շաղ տալիս ճանապարհների ձյունը մաքրելու համար։
«Տեսել ենք, չասնե՞ք։ Դա նորմա՞լ է։ Փոխանակ դա ձեզ հետաքրքրի, ասեք՝ ինչպես անենք, բյուջեից փող պոկելու ճանապարհները փակենք, այլ բաներ եք խոսում այստեղ։
Կամ՝ Գանձաքարի հատվածում նոր ճանապարհ են կառուցում։ 2-3 կմ են սարքել։ 10-20 կմ կա սարքելու, բայց սկսածն արդեն քանդվում է։ Եթե այդ խնդիրները կան, պետք է խոսել այդ մասին»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
«Այդ փողերը, որ լափում են, ուտում են, չպետք է դա լինի։ Որ թվին է եղել, ձեր իշխանության ժամանակ է եղել, դրանից առաջ, ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ, կամ ով է այդ ճանապարհ սարքողը՝ ներկա է, նախկին է։ Հերիք է։ Ասֆալտն էլ նախկին ու ներկա արեցիք»,- ասաց Դանիելյանը՝ մասնավորապես դիմելով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ով մինչ այդ հակադարձել էր ընդդիմադիր պատգամավորին, նշելով՝ «ասում է Հայաստանում համատարած ճանապարհները անորակ են, նման բան գոյություն չունի»։
Արշակյանը խորհուրդ տվեց Դանիելյանին՝ չջղայնանալ։
ԱԺ նիստին ներկա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն աաց, որ թարմացրել են տեխնիկան, «Զիլ»-եր չկան։
«Չկա որևէ փաստ, որ դուք կարող եք վկայակոչել ու ասել՝ անորակ աշխատանքն ընդունվել է, քանդվել է»,- նշեց փոխնախարարը։