Գարեգին Երկրորդը ICC նախկին նախագահի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել՝ Բաքուն սպառնալիքի գործադրմամբ նոր պահանջներ ներկայացնում ՀՀ-ին
Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ տիկին Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդիին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը Նորին Սրբությունը տիկին Ֆերնանդես դե Գուրմենդիին ներկայացրել է տարածաշրջանում առկա կացությունը՝ մտահոգությամբ արձանագրելով, որ Ադրբեջանը ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ և մարդու իրավունքների խախտմամբ շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում Հայաստանին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետն անդրադարձել է նաև հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին՝ կարևորելով միջազգային տարբեր իրավական կառույցների գործուն քայլերի ձեռնարկումը Հայաստանի և արցախահայության իրավունքների պաշտպանության, մինչ օրս Բաքվում պահվող գերիների վերադարձման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, ինչպես և արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների դատապարտման ուղղությամբ։
Հայոց Հովվապետը նաև իր գնահատնքն է հայտնել տիկին Ֆերնանդես դե Գուրմենդիին արդարադատության ոլորտում ներդրած ջանքերի և հայ ժողովրդի զավակների իրավունքների պաշտպանության համար։
Զրույցի ընթացքում տիկին Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդին Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ իր ացի նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանին միջազգային քրեական իրավունքի և արդարադատության ոլորտներում, ինչպես նաև քննարկելու Միջազգային քրեական դատարանի հետ արդյունավետ գործակցության ընդլայնումը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին