«Հայաստան» խմբակցության առաջարկությունը Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագծի հետ կապված մերժվել է
«Ոստիկանության համակարագում արմատական փոփոխությունների այս նախագիծը երկար քննարկումներ է ունեցել»,- Ազգային ժողովում Ոստիկանության գվարդիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը գրավոր առաջարկ էր ներկայացրել, որը մերժել է հանձնաժողովը։
«Իսկ մեր նպատակն էր ի սկզբանե սահմանել ապագա գվարդիայի մասին Հայաստանի պաշտպանությանը մասնակցությունը, դնել խնդիր, որ հետագայում, Աստված մի արասցե, ռազմական, պատերազմական գործողությունների ժամանակ գվարդիայի զինծառայողներն ի սկզբանե իմանան, որ իրենց պարտականությունների մեջ է մտնելու նաև այդ խնդրի կատարումը»,-ասաց Գ. Մանուկյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, առաջինից երկրորդ ընթերցում ՆԳՆ կիսատ մի փոփոխություն է արել, բայց այդ փոփոխությունը ամբողությամբ չի լրացնում։
Նախագիծը ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Ըստ նախագծի, ոստիկանության գվարդիան ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է, որը կոչված է պաշտպանել անձի իրավունքները և ազատությունները, ինչպես նաև ապահովել հասարակության և պետության անվտանգությունը: Ոստիկանության գվարդիայի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ոստիկանության գվարդիայի հրամանատարը: