Դիլիջանի թունելը կամ կհիմնանորոգվի, կամ կկառուցվի նորը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարությունը նախաձեռնել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերակառուցումը, հիմնանորոգումը։ Ազգային ժողովում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտնեց, որ արդեն ավարտել են Պուշկինի թունելի նախագծի նախագծման փուլը, պետք է դիմել փորձաքննության։
«Դիլիջանի թունելի մասով միջազգային ընկերություն ենք ներգրավել, նախագծող ընկերության կողմից երկու առաջարկ է ներկայացվել։
Մի առաջարկը վերաբերում է նոր թունելի կառուցմանը, մյուսով՝ գործող թունելի հիմնանորոգումը։
Բազմաթիվ փաստարկներ կան, որոնց վերլուծության արդյունքում վերջնական որոշում կկայացվի։ Բայց փաստարկները խոսում են այն մասին, որ նորի կառուցումն ավելի նպատակահարմար է՝ հաշվի առնելով, որ պետք է ապահովենք տարանցման ուղիների պատշաճ գործարկումը։
Վերլուծելով փաստերը՝ տեսնում ենք, որ պահանջարկը դեպի նոր թունելի կողմն է գնում, բայց, տեսնենք, ըստ հնարավոր ֆինանսական կանխատեսումների ու հնարավորությունների»,- ասաց փոխնախարարը։
Միաժամանակ նա նշեց, որ առաջնային սցենարը գոյությունը ունեցող թունելի վերականգնումն է։
Փոխնախարարը հայտնեց, որ Դիլիջանի թունելի մասով մինչև տարեվերջ որոշումը կլինի, մեկնարկած կլինեն այդ ողղությամբ աշխատանքները։