Հայաստանում սոցիալական մեդիայում կրծքի կաթի փոխարինիչների մարքեթինգը մտահոգիչ է. ԱՀԿ
ԱՀԿ-ի նոր տվյալները փաստում են Հայաստանում սոցիալական ցանցերում հղի կանանց և մինչև 2 տարեկան երեխաներ ունեցող մայրերին ուղղված կրծքի կաթի փոխարինիչների թվային մարքեթինգի մտահոգիչ ծավալների մասին։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ մշտադիտարկման 22 օրվա ընթացքում 68 մասնակից (հղի կանայք և մայրեր) իրենց սոցիալական ցանցերի միջոցով ստացել են ավելի քան 300 գովազդ, որոնցից 238-ն ուղղակիորեն առնչվել է կրծքի կաթի փոխարինիչներին և հավելյալ սննդին, իսկ դրանցից 65-ը վերաբերել է խանութների վեբկայքերին, որոնք ցուցադրել կամ գովազդել են մանկական սնունդ և հարակից ապրանքներ: Հաշվի առնելով ուսումնասիրության սահմանափակումը, որը կապված է գովազդների մոնիտորինգի հավելվածի օգտագործման հետ, ենթադրվում է, որ տվյալներն ավելի պակաս են գրանցվել՝ բնակչության շրջանում կրծքի կաթի փոխարինիչների թվային մարքեթինգի իրական ծավալների համեմատ:
«Վստահ եմ, որ հետազոտության արդյունքները կներկայացնեն թվային միջավայրում խախտումները, դրանց առանձնահատկությունները` օգնելով մեզ ավելի նպատակաուղղված և թիրախային դարձնել մեր քաղաքականությունը, հարկ եղած դեպքում վերանայելով նաև ոլորտային օրենսդրությունը», - նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ դոկտոր Արմեն Գասպարյանը։
Հղի կանանց և մայրերի շրջանում նորածինների և վաղ հասակի երեխաների համար կրծքի կաթի փոխարինիչների և սննդի գովազդի ճնշող ծավալը և ազգային կանոնակարգերին չհետևելը մտահոգություն է առաջացնում Հայաստանում նորածինների սննդի մարքեթինգի պրակտիկայի վերաբերյալ: Հղի կանանց և մայրերի շրջանում կրծքի կաթի փոխարինիչներին վերաբերող ապակողմնորոշող պնդումներն ու դրանք գովազդելը, ինչը խաթարում է կրծքով կերակրումը, ուղղակիորեն հակասում են ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նորածինների և վաղ տարիքի երեխաների սնուցման ռազմավարություններին: Ավելին, գովազդի ծավալն ու բովանդակությունը բացասաբար կանդրադառնա երեխաների ճիշտ կերակրելու՝ մայրերի կողմից տեղեկացված որոշումներ կայացնելու վրա:
«Երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում պատշաճ սնուցումն առանցքային է հիվանդությունների ռիսկի նվազեցման և երեխայի զարգացումը խթանելու համար, և ԱՀԿ-ն պարտավորվում է խրախուսել մայրերին, խնամակալներին, ընտանիքներին և համայնքներին կատարել տեղեկացված ընտրություն նորածինների և երեխաների պատշաճ սնուցման վերաբերյալ», - ասում է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան։
Հայաստանում հղի կանանց և մայրերի շրջանում կրծքի կաթի փոխարինիչների և նորածինների ու վաղ տարիքի երեխաների համար սննդի թվային մարքեթինգի հետազոտությունը նախաձեռնել են ԱՀԿ-ն և Առողջապահության նախարարությունը և իրականացրել է «Վստահություն» առողջապահական ՀԿ-ն։
Հետազոտության արդյունքների ազդեցությունը
Ուսումնասիրության արդյունքները փաստում են քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի մասնագետների և թվային մարքեթինգի ոլորտի ընկերությունների կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ ուղղված գործող կանոնակարգերի ավելի հետևողական կիրառմանը և թվային մարքեթինգի ոլորտում ավելի ընդլայնված հաշվետվողականությանը: Սա առաջնահերթ նշանակություն ունի՝ նորածինների և երեխաների սնուցման վերաբերյալ ապացուցահենք որոշումներ կայացնելու, ծնողների և խնամակալների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև կրծքով կերակրումը՝ որպես նորածինների սնուցման օպտիմալ աղբյուր խրախուսելու համար:
Հետագա ուղղություններ
Չնայած սահմանափակումներին՝ հետազոտության արդյունքներն արժեքավոր պատկերացումներ են տալիս Հայաստանում հղի կանանց և մայրերին ուղղված կրծքի կաթի փոխարինիչների և մանկական այլ սննդի և հարակից ապրանքների թվային մարքեթինգի ներկայիս ոլորտի վերաբերյալ: Հետազոտության տվյալների հիման վրա կարելի է ուրվագծել հետևյալ քայլերը որպես աշխատանքի հետագա ուղղություններ՝
• խրախուսել քննարկումներ․ խրախուսել բազմակողմ քննարկումներ քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի մասնագետների և թվային մարքեթինգի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կրծքով կերակրումը՝ որպես նորածինների սնուցման օպտիմալ աղբյուր խթանելու համար:
• Ամրապնդել իրավական կարգավորումները. ամրապնդել «Կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրարկումը և կրծքի կաթի փոխարինիչների թվային մարքեթինգին վերաբերող իրավական կարգավորումները:
• Խրախուսել տեղեկացված որոշումների կայացումը. բարձրացնել իրազեկվածության մակարդակը և ներդրումներ կատարել՝ ուղղված բոլոր հանգամանքներում բարենպաստ միջավայրի ստեղծմանը մայրերի, ընտանիքների և այլ խնամակալների կողմից նորածինների և վաղ հասակի երեխաների սնուցման օպտիմալ տարբերակի մասին տեղեկացված ընտրություն կատարելու համար։
Հետազոտության մասին
Այս հետազոտությունն անդամ պետությունների հետ համագործակցելու ԱՀԿ-ի ավելի ընդգրկուն նախաձեռնության մի մաս է։ Դրա նպատակն է հասկանալ, թե ինչպես են սոցիալական մեդիան և թվային հարթակներն օգտագործվում կրծքի կաթի փոխարինիչները խթանելու համար՝ առաջարկելով տվյալներ քաղաքականության վրա հետագա ազդեցության, ինչպես նաև նորածինների ու երեխաների առողջությունը պաշտպանելու մասին:
Հետազոտության նպատակն է նաև արժեքավոր տվյալներ տրամադրել՝ խրախուսելու համար ծնողների և խնամակալների իրավունքները, ինչպես նաև նրանց կողմից տեղեկացված որոշումների կայացումը:
Հետազոտությունը նպատակ չունի վերացնել կրծքի կաթի փոխարինիչները որպես կանանց և ընտանիքներին հասանելի արտադրանք, այլ ուղղված է մարքեթինգի կիրառման և սահմանված ուղեցույցների ու կանոնակարգերի միջև համապատասխանության ապահովմանը: