Պետք է ներկայացնենք նաև թեկնածուներ, որոնք ՔՊ անդամ չեն. Ալեն Սիմոնյանն՝ արդարադատության նախարարի նշանակելու մասին
«Այն թեկնածուները, որոնք ներկայացվում են արդարադատության նախարարի պաշտոնի համար, նրանց 80 տոկոսն ասում են, որ գոհ են այն պաշտոնից, որ հիմա զբաղեցնում են և ուզում են մնալ իրենց տեղերում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեն կարողանում ընտրել արդարադատության նախարար:
Նա նշեց, որ սխալ բան են արել՝ քննարկելով բոլոր թեկնածուներին, անկախ նրանից, թե այդ թեկնածուն իր համաձայնությունը տվել է, թե չի տվել:
«Մենք, այնուամենայնիվ, հնարավորություն ենք ընձեռում ելույթ ունենալ, որպեսզի ավելի բաց լինի»,- ասաց նա:
Ըստ Ա. Սիմոնյանի, փորձում են ծանրակշիռ մարդկանց առաջադրել». «Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք արդեն կունենանք թեկնածու»։
Նշեց, որ որ նոր անուններ կան, բայց չի կարող ասել:
Հարցին՝ գործո՞ւմ է այն սկզբունքը, որ պետք է պարտադիր լինի ՔՊ կուսակցության անդամ արդարադատության նախարարը, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Մենք դա արդեն պետք է վերանայենք, հնարավորություն տանք ներկայացնել թեկնածուներ, որոնք այս պահին կամ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն, նմանատիպ բազմաթիվ լավ փորձեր ունենք»:
Հարցին՝ ՔՊ-ում կադրերի «սո՞վ կա», ԱԺ նախագահը պատասխանեց. «Մարդկանց ռեսուրսների խնդիր կա բոլոր բնագավառներում, մասնավորապես, եթե մենք խոսում ենք այնպիսի պատասխանատու ոլորտի մասին, ինչպիսին է արդարադատությունը: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի դիտանկյունից ենք նայում, պետք է մասնագետ լինի, որ այդ պայմանագրի հետ առնչություն ունենա։
Դեռևս չունենք այն ցանկալի թեկանծուն, որին այդ մեծ բեռը կտանք»։