Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազություն
Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրան ուղղված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է «Ազդարար» համակարգում։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-մասնավորապես ասված է ծանուցման մեջ։
Վարույթով դատախազություն են կանչվել նաև Ղազինյանի ընթանիքի անդամները՝ Դավիթ Գագիկի Ղազինյանն ու Կարինե Շահբազյանը։