Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան
«Ամերիկյան դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկա է բանագնացների հետ միասին նաև նամակներ ուղարկել ընդունող երկրների ղեկավարներին։ Հիշենք 2023թ. նույն Սամանթա Փաուերի այցը Հայաստան և նրա կողմից վարչապետին փոխանցված Ջո Բայդենի նամակը: Այս առումով այստեղ որևէ արտասովոր բան չեմ տեսնում»,- նշել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ նրա, բովանդակային առումով ևս, Ալիևին ու Փաշինյանին ուղղված նամակներում արտասովոր բան չկա:
«Ամերիկյան պաշտոնական դիրքորոշումների արտացոլումն է, ընդունված ձևակերպումներով և քաջալերման խոսքերով՝ շարժվել դեպի առաջ:
Այստեղ ամենից կարևորը ժամանակագրությունն է (timing): Բայդենի վարչակազմին մնացել է 3 ամիս՝ իշխանությունն ամբողջությամբ Թրամփին կամ Հարիսին փոխանցելու համար:
Բնականաբար Բայդենը ցանկանում է, որ 4 տարվա այն ներդրումը, որ իր վարչակազմն ունեցել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հասնի իր տրամաբանական ավարտին, և Բայդենը արդարացիորեն դառնա խաղաղության համաձայնագրի կնքահայրը:
Հեռացող նախագահ Բայդենը, ով արտաքին քաղաքականության ավելի մեծ փորձառություն ունի քան վերջին 30 տարիների ԱՄՆ որևէ նախագահ՝ պաշտոնը ստանձնելիս հասկանում է, որ ո՛չ Թրամփի, և ո՛չ էլ Հարիսի վարչակազմերի համար մեր տարածաշրջանը առաջնահերթություն չի լինելու, հետևաբար իր բոլոր ձեռքբերումները, եթե նույնիսկ ջուրը չգնան, ապա էապես դանդաղելու են կյանքի կոչման տեսանկյունից: Մյուս կողմից, նա ցանկանում է իր ժառանգության մեջ ունենալ հաջողության պատմություն խաղաղության կերտման տեսանկյունից, ինչպիսիքը դեռևս չկան:
Բնական է, որ խաղաղության համաձայնագրի կնքումը և Հարավային Կովկասի կոնֆլիկտի լուծումը (ինչպես ձևակերպված է Բայդենի ազգային անվտանգության ռազմավարության մեջ) ամերիկյան արտաքին շահերի համատեքստում ևս կարևոր նշանակություն ունեցող հանգամանք է, ինչն իր հերթին ստիպում է Բայդենի վարչակազմին մինչև վերջին րոպեն (հունվարի 20-ը ժամը 12:00) պայքարել այդ շահերի ապահովման համար»,- գրել է Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Օրեր առաջ Բայդենից նամակը հանձնվել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում․ Բայդենի նամակը՝ Փաշինյանին
- Մայքլ Քարփենթերը Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը