Կպատկերացնի՞ Ալեն Սիմոնյանը, որ վաղը ԱԺ բարձրախոսը իր մոտ չի լինի
«Ներողություն խնդրելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց մարդը ներողություն խնդրելուց առաջ պետք է իրեն մեղավոր ճանաչի, զգա որ ինչ-որ արարք է կատարել, որը պետք չէր անել»- ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։
Մինչ այդ վերջինս ԱԺ նախագահին հորդորեց ներողություն խնդրել նախորդ օրը հայտարարությունների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետևից փողոցային բառերով ռեպլիկներ անելու համար։
«Կարծում եմ, որ այդ վատ մշակույթի փոփոխությունը պետք է տեղի ունենա այս դահլիճից՝ հակառակ դեպքում՝ փողոցային բարքերին համապատասխան շատ ավելի վատ սցենարներ կարող են լինել, որոնք անթուլատրելի և անընդունելի կարող են լինել թե՛ հասարակության, թե՛ ներկայացուցչական այս մարմնի կողմից»-հայտարարեց Մինասյանը։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ասելով, թե «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում կազմակերպված հանրային քննարկումների ժամանակ ամբիոնից երբ լսում էր սեռական հայհոյանքները՝արդյոք նման հորդոր Մինասյանն իրեն անում էր։
«Ձեր գործընկեր տիկին Կյուրեղյանը, որը հայտնի է ամենդատապարտելի և փողոցային կերպով մտքեր արտահայտելու հարցում՝ ոչ միայն դահլիճում, այստեղից դուրս գալուց հերթական բանն է իրեն թույլ տվել, որին ի պատասխան ես արձագանքել եմ, միշտ արձագանքելու եմ և ավելի շատ եմ արձագանքելու։ Այն, որ ինչ-որ էակներ գիշերն իմ և իմ ընտանիքի նկարներն են փողոցում կպցնում, դրան ինչ-որ ձևով արձագանքել եք։ Կամ, որ դաշնակցության հետ կապված թելեգրամյան ալիքում իմ անձնական համարն է տեղադրվում և հայհոյանքներ է հրապարակվում, դրան արձագանքե՞լ եք։ Հարգելիս, ստանդարտները երկակի չեն լինում։ Քամի ցանողը փոթորիկ է հնձելու,առաջին օրվանից դուք իմ վարքագծից այն իմացել եք»,-ասաց Սիմոնյանը։
Արծվիկ Մինասյանն իր ելույթում արձագանքեց, որ որպես ԱԺ նախագահ Սիմոնյանը թույլ տվեց անպատասխանատու վարքագիծ, այն դեպքում, երբ սահմանադրական պարտականություն ունի, որ ցանկացած նման իրավիճակում խորհրդակցություն հրավիրի և քննարկի իրավիճակը, որպեսզի լարվածությունը չանցնի անթուլատրելի սահմանները։
«Հակառակը՝ այս ամբիոնից հոխորտում եք նոր վիրավորանքներ անելու սպառնալիքով»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։
Նա Սիմոնյանին առաջարկեց պատկերանցել, որ վաղը ԱԺ բարձրախոսն իր մոտ չի լինելու, թիկնազոր չի ունենալու և դահլիճից դուրս է լինելու, դուրս է գալու հանրության մեջ, որտեղ ոչ ոք քաղաքացու ձեռքերից չի բռնի։
«Անընընդունելի է ցանկացած հանրային արձագանք, որը վերաբերում է անձնական վիրավորանքին։ Էդ վիրավորանքը և պահվածքը, որ դրսևորում եք այստեղից, բա դրա պատասխանն ինչպես եք պատկերացնում։ Դուք ասում եք սեռական բնույթի հայհոյանքներ են հնչում ներքևից, իսկ ՔՊ-ի խմբակցության թևից ինչպիսի՞ արտահայտություններ են հնչում։ Դուք երբևէ, թեկուզ մեկ անգամ մեծամասնության պատգամավորների այդ պահվածքը դատապարտե՞լ եք»,-հայտարարեց Մինասյանը և շարունակեց. «Ակնկալում էի, որ դուք պետք է ձեր մեջ կամք գտնեիք և ներողություն խնդրեիք, որպեսզի նաև հիմք դրվի հետագայում նման երևույթները բացառելուն, բայց դուք այն չարեցիք։ Չեք անում՝ աստված ձեր հետ»։
Ալեն Սիմոնյանն էլ հերթական արձագանքի ժամանակ նկատեց, որ Արծվիկ Մինասյանը երկու անգամ սպառնաց իրեն։
«Հարգելիս, դուք ձեր խոսքի մեջ առնվազն երկու անգամ քողարկված սպառնալիք հնչեցրեցիք։ Ես ձեզ զգուշացնում եմ իմ հետ սպառնալիքներով մի խոսացեք, այն չի աշխատում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան