Գանձասարի վանքի բանալիները փոխանցվել են Վրթանես Սրբազանին
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը այցելել է Լոռու մարզի Տաշիր քաղաք, որտեղ տեղի է ունեցել հանդիպում արցախցիների հետ։ Հանդիպմանը մասնակցել է Տաշիր քաղաքում և հարակից գյուղերում բնակություն հաստատած արցախահայությունը։
Վրթանես Սրբազանը հարցերի միջոցով ընդհանուր պատկերացում է կազմել հիշյալ համայնքում բնակվող արցախցիների կացության վերաբերյալ։
«Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հետաքրքիր միջադեպ․ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչներից մեկը մոտեցել է Սրբազանին և հանձնել բանալիներ։ Պարզվեց, որ վերջինս Գոռ Բաղդասարյանի ընկերն է, ով 90-ական թվականներին Գանձասարը պաշտպանողների շարքում էր։ 2023 թվականի տարհանման ժամանակ Գոռը իր հետ վերցրել էր Գանձասարի վանքի բանալիները: Հանդիպման ժամանակ նրա ընկերը բանալիները փոխանցեց Վրթանես Սրբազանին՝ հույս հայտնելով, որ բոլորս կրկին կվերադառնանք հայրենի Արցախ և նույն բանալիներով կբացենք հնագույն վանական համալիրի դռները։
Օրվա վերջում Սրբազան Հայրը այցել է Լեռնահովիտ բնակավայրում հաստատված արցախցի մի ընտանիքի՝ տեղում ծանոթանալու տեղահանվածների ներկայիս սոցիալական կացությանը»,- նշում են Արցախի թեմից։