«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները կոչ են արել Հայաստանին նոր մասնակից ընտրել
«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները հայտարարություն են տարածել՝ պարզաբանելով, թե ինչու են մերժել «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթում ընտրված զգությամբ ռուս Իրինա Զախարովայի մասնակցությունը նոյեմբերի 16-ին Մեքսիկայում անցկացվելիք «Միսս Տիեզերք 2024»-ին։
Ավելի վաղ Miss Universe Armenia-ն հայտնել էր, որ «Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարող մեկնել Մեքսիկա ՝ մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։
«Մենք երկար էինք նախապատրաստվել, և յուրաքանչյուրս վճռական էր լավագույնս ներկայանալու համար։ Ինչևէ, ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան դժվարին որոշում է կայացրել՝ հրաժարվելով մրցույթին մասնակցությունից»,- նշել էին Miss Universe Armenia-ից։
Մինչդեռ «Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչների հայտարարության համաձայն, «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան չի բավարարել «Միսս Տիեզերք» նախնական մրցույթի լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով սահմանված պահանջներին. «Այս իրավիճակը նաև խախտում է մեր Ազգային տնօրենների գործառնական ձեռնարկը, որը պահանջում է, որ տիտղոսակիրն ունենա այն երկրի վավերական անձնագիրը, որը նա ներկայացնում է»:
«Մեր տնօրենի ձեռնարկը 3-րդ բաժնում ընդգծված է, որ «Հաղթողը պետք է ունենա վավերական անձնագիր՝ տրված այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է»: Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին:
Այնուամենայնիվ, ներառականության և արդարության մեր արժեքներին համահունչ՝ Կազմակերպությունը որոշել է «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին: Այս որոշումը վերահաստատում է մեր հավատարմությունը արդար և անաչառ գործընթացին, որը հարգում է մրցույթի նորմերն ու էթիկական չափանիշները:
Մենք կոչ ենք անում հայաստանյան մեր գործընկերներին օպերատիվ կերպով ընտրել նոր տիտղոսակրի՝ հաշվի առնելով, որ եզրափակիչ մրցույթի անցկացմանը մնացել է մեկ ամիսց էլ քիչ ժամանակ։ Մենք վստահ ենք, որ այս քայլերը կօգնեն պահպանել «Միսս Տիեզերք» մրցույթի ամբողջականությունն ու հեղինակությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթն այս տարի անցկացվել էր Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլիա Պավլիկովան: