Ոչ ոք չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքվելիք Խաղաղության պայմանագրի միջնորդ հանդիսանալու հարցում. Ջոնի Մելիքյան
«Օրբելի» վերլուծական կենտրոնի Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է.
«Աբխազիան, ունենալով խնդիրներ Ռուսաստանի հետ, մտածում է, որ միգուցե իրենց հաշվին կարող է ռուս-վրացական գործարք տեղի ունենալ։ Հարավային Օսիայում նույնպես զգայուն են այս հարցի վերաբերյալ։ Ես չեմ պատկերացնում կոնֆեդերատիվ Վրաստան, միգուցե ֆեդերատիվ, բայց Վրաստանի դերն այստեղ շատ կարևոր է։ Չեմ կարծում, որ աբխազներն ու օսերը կհամաձայնեն դրան։
«3+2» ֆորմատը պոստկոնֆլիկտային ֆորմատ է, բայց կոնֆլիկտները լուծված չեն։ Կոնսուլտատիվ հավաքվում են, որոշ հարցեր քննարկում, բայց որոշիչ բաներ տեղի չեն ունենում։ Դրա համար Վրաստանը հիմա չի միանում այդ ֆորմատին։ Վրաստանում հասկանում են՝ տարածաշրջանային ինչ տնտեսական նախագիծ էլ լինի, առանց իրենց դա տեղի չի ունենալու։ Իրենք են այդ խաչմերուկը, ու իրենց այլընտրանք չկա, քանի դեռ Ադրբեջանը չի նվազեցրել իր մաքսիմալիստական նկրտումները, ու Հայաստանով ճանապարհ չեն ստացել։
Արևմուտքի շահերից է բխում Վրաստանը չկորցնելը։ Միգուցե ինչ-որ պահի, եթե տեսնեն, որ վրացական ընդդիմությունն իրեն չի արդարացնում, որոշ պրոցեսներ լինեն, կլինի այն, ինչ եղավ 2012 թվականին։ Չէ՞ որ այդ ժամանակ Սահակաշվիլին ինքնուրույն չորոշեց ընդունել իր պարտությունն ընտրություններում։ Հետընտրական պրոցեսներ հաստատ կլինեն, սադրանքներ՝ միգուցե նույնպես։
Վրաստանում հասկանում են, որ Երևանում ով էլ լինի իշխանության, շահագրգռված է լինելու Վրաստանի կայունությամբ։ Նույն կերպ Վրաստանի հայ համայնքն ամենահանգիստ, ոչ կոնֆլիկտային համայնքն է։
Մենք Մոլդովա չենք, պիտի հասկանանք, որ եռացող տարածաշրջանից հեռու չենք։ Իրաքից հեռու չենք։ Պիտի կարողանանք օգտագործել CEPA-ով մեզ տրված հնարավորությունները։
Շահարկումներ կային, բայց ես չէի ասի, որ 2021թ․Վրաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ խոչընդոտել է երկու կողմերին՝ Հայաստանին կամ Ադրբեջանին։
Ոչ ոք չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքվելիք Խաղաղության պայմանագրի միջնորդ հանդիսանալու հարցում: Կարող են Ռուսաստանում ստորագրել, Ալմա Աթայում կամ այլուր, բայց դրանից բան չի փոխվելու: Այն երկիրը, ում տարածքում այն ստորագրվելու է, ինչ-որ դիվիդենտներ կարող է քաղել, բայց հարցն այն է, որ այսօր ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցնում: Որովհետև կարող ենք ինչ-որ բան ստորագրել, բայց դրանից հետո Բաքվի քաղաքականությունը կփոխվի՞, թե՞ չէ, ոչ ոք չի կարող ասել: Առնվազն ես ոչ մի նման պետություն չեմ տեսնում: Դրա համար կապ չունի՝ որտեղ կստորագրվի: Միգուցե լինի մի հարթակ, որտեղ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը խնդիր չտեսնեն: Գուցե դա լինի Ղազախստանը, որ թեև ԱՊՀ, ԵԱՏՄ և այլ կառույցների անդամ է, բայց Արևմուտքի հետ ևս ունի նորմալ հարաբերություններ: Բայց դա երկրորդական է: Կարևորը կոնստրուկտիվ մոտեցումն է, որը ես չեմ տեսնում: Ադրբեջանն այսօր փոխում է պետության տրամաբանությունը: Իրենք ուզում են Միջին տերություն դառնալ, մրցում են տարածաշրջանային այլ խաղացողների հետ: Նույնիսկ որոշ հարցերում այսօր Ադրբեջանը Թուրքիային է փորձում անցնել: Առաջ եթե Թուրքիան ուներ իր շահերը Կենտրոնական Ասիայում, այսօր Ադրբեջանն է բոլոր Կենտրոնական ասիական պետությունների հետ ավելի սերտացնում իր հարաբերությունները և նրանց համոզում, որ հենց Ադրբեջանն է իրենց դարպասը դեպի Եվրոպա, այլ ոչ Թուրքիան, որը երթուղիներից մեկն է: Տարածաշրջանում նոր տիրոջ դեր ստանձնելու խնդիրը սպառնալիք է թե՛ մեզ, թե՛ Վրաստանի համար: Դրա համար, եթե Արևմուտքի հետ հարաբերություններն առհասարակ չլինեն և զրոյացվեն, ապա Ադրբեջանն ու Թուրքիան ավելի կուժեղացնեն իրենց ազդեցությունը Վրաստանի վրա, ինչը մեզ համար ամենևին էլ ցանկալի սցենար չէ»,- ասում է :
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի մի քանի շրջաններ տուժել են տարերային աղետից, դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը
- Վրաստանի նախագահը միացել է ընդդիմության կազմակերպած նախընտրական հանրահավաքին
- Վրաստանի նախագահը ընտրություններից մեկ շաբաթ առաջ դիմել է ժողովրդին