Բանուգործ չունե՞ք, որ ուզում եք կայացած գյուղական ամբուլատորիաները քանդել. Արման Ղազարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը ԱԺ-ի նիստում հայտարարեց, որ բազմաթիվ հայրենակիցներ են իրենց դիմել,հատկապես Գեղարքունիքից, իմանալու՝ արդյո՞ք գյուղական ամբուլատորիաներն օպտիմալացվում են։
Նիստին ներկա առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ասաց, որ որևէ ամբուլատորիա կամ բուժակ մանկաբարձական կետ առաջնային բուժօգնության օղակում չի փակվում, այլ հակառակը՝ դիտարկում են հեռավոր գյուղերում, որտեղ չի եղել, ավելացնել բուժմանկաբարձական կետ, այսինքն՝ բուժքրոջ հերթապահություն։
«Իսկ օպտիմալացումը կազմակերպաիրավական խոշորացում է։ Այսինքն, գյուղական մի քանի ամբուլատորիա դառնում է մեկ իրավաբանական անձ, տարանջատվում է տնօրենի պարտականությունը, որն այսօր իրականացնում է տվյալ ամուբուլատորիայի ընտանեկան բժիշկը, ով զուգահեռ տնօրեն է։ Տնօրենի համար սահմանում են հատուկ պայման, թե ինչով պետք է զբաղվի։ Այսինքն՝ միայն վարչական, իսկ ընտանեկան բժշկին ազատում ենք այդ պարտականություններից և թողնում ենք զբաղվի զուտ ընտանեկան բժշկությամբ»։
Արման Ղազարյանն արձագանքեց. «Դա զուտ հիմնավորում չէ։ Շատ լավ աշխատում են ամբուլատորիաները։
Նպատակն ի՞նչ է, որ դուք ուզում եք այդ կայացած հիմնարկն էլ քանդել, բերել, լցնել իրար գլխի, ոնց որ շատ խոշորացված համայնքներ էլի խոշորացրեցիք, որի արդյունավետությունն այս պահին զրո է։ Մարդիկ նորմալ աշխատում են, սպասրակում են, կանխարգելիչ միջոցառում է իրականցնում, հիմա բանուգործ չունե՞ք, սկսում եք եղածն էլ քանդել։
Դուք մոնիտորինգ արե՞լ եք։ Մարդիկ շատ լավ աշխատում են»։