«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի ցուցմունքը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց տեղադրված պայթուցիկի գործով, բնականաբար, հարցաքննվել է նաև ինքը՝ Արսենյանը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արսենյանի տված ցուցմունքը ևս, որտեղ նա քննիչին ասել է՝ «Այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր»:
Ստորև՝ Գուրգեն Արսենյանի ցուցմունքը. «Որքանով հիշում եմ՝ 2020 թվականի փետրվարի 20-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ստացել եմ հաղորդագրություն ինչ-որ «ֆեյք» էջից, որում, մասնավորապես, ասվում էր. «Հը՞ն, ո՞նց էր, պայթյունը դուրդ եկա՞վ…»: Ես ուշադրություն չեմ դարձրել այդ հաղորդագրությանը և արգելափակել եմ այդ էջը, դրանից հետո՝ փետրվարի 22-ի երեկոյան, գնացել եմ Գյուլբենկյան 33 հասցեի գրասենյակային տարածք և այնտեղ տեսել եմ պայթուցիչի գլանակներ, մանեկներ, էլէկտրոնային ժամացույցի մեխանիզմ: Հարցրել եմ, թե դա ինչ է, գրասենյակի աշխատակից Սերգեյ Կարապետյանը ասել է, որ այն երկու օր առաջ է գտել գրասենյակի դիմացի ծառի տակից, բերել է գրասենյակ ու սկսել է քանդել: Այդ ժամանակ ես հասկացա, որ դա պայթուցիկ սարք է, ու անմիջապես զանգեցի, հրահանգեցի, որ այդ մասին հայտնեն իրավապահներին:
ՀԱՐՑ. Ի՞նչ տվյալներով գրանցված օգտատիրոջից եք ստացել նշված հաղորդագրությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ներկա պահին չեմ հիշում, բայց գիտեմ, որ նույն անձի կողմից նմանատիպ հաղորդագրություններ ուղարկվել են նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին և Ռոմանոս Պետրոսյանին:
ՀԱՐՑ. Ո՞ւմ եք կասկածում կատարված հանցագործության համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես որևէ մեկին չեմ կասկածում, թշնամիներ չունեմ:
ՀԱՐՑ. Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Գարուշի Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Արշակի Գալստյանը, Էդուարդ Պետրոսյանը և Վահագն Հովհաննիսյանը կատարել են հիշյալ ահաբեկչությունները, ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որքան ժամանակ է, որ ճանաչում եք, ինչ հանգամանքներում եք ծանոթացել և ինչ հարաբերություններ ունեք վերջիններիս հետ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման տվյալներով անձանց չեմ ճանաչում:
ՀԱՐՑ. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները թիրախավորել են հենց Ձեզ և ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես և Գուրգեն Մելքոնյանը ԱԺ 8_րդ գումարման պատգամավորներ ենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, մեզ՝ երկուսիս, միայն դա է միավորում:
ՀԱՐՑ. Երբ տեղեկացաք, որ ահաբեկչությունը եղել է Ձեր դեմ, այդ ժամանակ Ձեր կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության առաջացման պատճառ եղե՞լ է, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ ես տեսա՝ այդ սարքավորումները մեր գրասենյակում են, հենց այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր:
ՀԱՐՑ. Ճանաչո՞ւմ եք Գարեգին Վանեսյան տվյալներով անձին, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման անձի չեմ ճանաչում:
ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող գործողություններ կատարվե՞լ են, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման գործողություններ իմ նկատմամբ երբևէ չեն կատարվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան