Կառավարությունը ցանկանում է նվազեցնել կարկտի առավել ակտիվ գոտիներում հնարավոր վնասները
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար վնասների նվազեցման, տնտեսվարողների եկամուտների կայունացման ու բնակլիմայական ռիսկերի մեղմման ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցմամբ, ինչպես նաև աջակցող դրույթների ավելացմամբ»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը։
Նախարարը նշեց, որ աշխատել են ՇՄՆ «հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ և 270 բնակավայր է առանձնացվել որպես առավել ակտիվ գոտիների։
«Բոլոր այդ բնակավայրերում ոչ ինտենսիվ այգեգործությամբ են զբաղվում։ Այնտեղ, որտեղ կարող էր աճել դեղձ, սալոր, կարող էին ստանալ մեծ եկամուտ, ցորեն են մշակում։ Այս բնակավայրերում տարվա ընթացքում մի քանի անգամ աղետաբեր կարկուտ է լինում, միակ լուծումն այդ ցանցերն են․ հուսով ենք՝ քաղաքացիները, ոչ շատ մեծ ներդրումներ իրականացնելով, կորնգանի կամ ցորենի, գարու արտերը կվերածեն սալորի կամ խաղողի այգու, որտեղ հարյուրապատիկ մեծ եկամուտ կա։ Մեր հաշվարկով` 12,1 միլիոն դրամ է կազմում կարկտապաշտպան ցանցը մեկ հեկտարի հաշվով կառուցելը, այս բնակավայրերում մենք փոխհատուցում ենք 75 տոկոսը․ ընդամենը 3 միլիոն դրամի ներդրում պիտի անի գյուղացին»,-հայտարարեց Պապոյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը, հնարավորություն կտա նաև այն բնակավայրերում, որտեղ զբաղվածության մակարդակը ցածր է, աղքատության մակարդակը՝ բարձր, բնակչության կենսամակարդակի էական աճ արձանագրել։
Ըստ ծրագրի իրականացման ընթացակարգի, փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են շահառուները մինչև կապալառուի հետ պայմանագիր կնքելը և կարկտապաշտպան ցանցի ներդրման աշխատանքները սկսելը, դիմում են նախարարություն, նշում հողատարածքի տեղը, չափը, կցում փաստաթղթեր, 15 օրում իրականացվում է տեղազննություն, կազմվում արձանագրություն, դրական եզրակացության դեպքում շահառուի հետ կնքվում է պայմանագիր։