«Հրապարակ». ՀՀ ԱԳՆ-ից իջած ցուցումը՝ չհանդիպելու ընդդիմադիր պատվիրակության անդամների հետ, ավելի զորավոր է եղել
«Հրապարակ» թերթը գրում է.
««ՀայաՔվեի» ներկայացուցիչները` կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, հեռուստալրագրող Դավիթ Սարգսյանը և իրավաբան Արամ Պետրոսյանը, այս օրերին Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում էին` դիտարկելու խորհրդարանական ընտրությունների ընթացքը:
«ՀայաՔվեի» պատվիրակությունը Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրված միջազգային դիտորդական առաքելություններից մեկն էր, Հայաստանից` միակը և Էրբիլ էր այցելել Քուրդիստանի հայրենասիրական միության հրավերով: Պատվիրակներն այցելել են Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողով, հանդիպել հանձնաժողովի նախագահ Օմար Ահմեդի հետ, եղել են Քուրդիստանի հայրենասիրական միության գրասենյակում և հանդիպել կուսակցության քաղբյուրոյի անդամ Սադի Ահմեդ Փիրեի հետ:
«ՀայաՔվեի» ներկայացուցիչները հանդիպել են նաև Քրդական ինքնավարության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար-նախարար Սաֆին Դիզայիի հետ։ Ի զարմանս հայկական պատվիրակության՝ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը բացարձակ անտարբերություն է ցուցաբերել նրանց նկատմամբ, հանդիպման առաջարկները թողել է անպատասխան։ Սա՝ այն դեպքում, երբ Էրբիլում հայկական ներկայություն գրեթե չկա, և քրդական կողմի հրավերով հայկական պատվիրակության ժամանումը պետք է որ մեծ իրադարձություն լիներ տեղի ՀՀ գլխավոր հյուպատոսության համար։ Թերևս, ՀՀ ԱԳՆ-ից իջած ցուցումը՝ չհանդիպելու ընդդիմադիր պատվիրակության անդամների հետ, ավելի զորավոր է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։