Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ. Փաշինյան
«Հայաստանը պատրաստ և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային կապերի անցումը կազմակերպելու հարցում»,-ՀՀ կառավարության հաղորդմամբ, «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ սա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք ուղղություն):
«Արևելք-արևմուտք ուղղությունը, բնականաբար, կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի համար։ Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով երկու երկրների իրավազորության և ինքնիշխանության լիակատար հարգանքը։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք և միշտ երաշխավորելու ենք։
Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Փաշինյանը։
Նա հայտնել է նաև, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երեկ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։
«Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա։
Կցանկանայի հատկապես ընդգծել (ի դեպ), որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ, արձանագրելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։ Արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային փոխադարձ պահանջների բացակայության և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ձևակերպումները։
Մեր գնահատականը հետևյալն է. արդեն այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, և մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել Աութրիչ/ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության և այսօրվա գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինի ուշադրությունից չի վրիպել Փաշինյանի և Ալիևի աշխույժ զրույցը
- Փաշինյան. Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել համաձայնագիրը
- Կազանում Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում է կայանում
- Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ
- ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. Պեսկով
- Փաշինյան-Ալիև «բանակցություններ»՝ ԲՐԻՍԿ-ի գագաթնաժողովին
- Փաշինյանի ու Ալիևի ջերմ զրույցը չի վրիպել ԶԼՄ-ների աչքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Մինչ Պուտինը խոսում է, Փաշինյանը ծիծաղեցնում է Ալիևին
- Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան