Գյումրու քաղաքապետ Սամսոնյանի հետ հեռանում են համայնքապետարանի աշխատողները. Hraparak.am
Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացված Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը թիմակիցների՝ «Բալասանյան դաշինք»-ի հետ հեռավար նիստ է անցկացրել՝ տեղեկացնելով դաշինքի հիմնադիր, Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշման մասին, ըստ որի՝ իրենց ողջ քաղաքական թիմը լքում է համայնքապետարանը: Սամսոնյանի հետ հեռանալու են նաև համայնքապետարանի այն պաշտոնյաները, ովքեր « Բալասանյան դաշինք»-ի կողմից են նշանակված:
«Համայնքապետարանի մեր աղբյուրը նշում է, որ պատրաստ է արդեն Սամսոնյանի հրաժարականի տեքստը, որը ամենայն հավանականությամբ կհրապարակվի մինչև շաբաթվա վերջ, դրան հաջորդելու է ավագանու անդամների մանդատները վայր դնելու գործընթացը, մանդատներից հրաժարվելու են նաև հաջորդիվները՝ այդ կերպ հող նախապատրաստելով նոր ընտրություններին, որը պահանջել է իշխող Քաղաքացիական կուսակցությունը: Մեր աղբյուրի խոսքով՝ ճամպրուկային տրամադրություն է Գյումրու համայնքապետարանում, ավագ մասնագետից մինչև կրտսեր՝ իրենց իրերն են հավաքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա: Փոխքաղաքապետերից մեկը տնային կալանքի տակ է, մյուսը մեկնել է ԱՄՆ եւ, ըստ լուրերի, չի վերադառնալու: Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են` Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին եւ պահանջում է, որ Սամսոնյանը հրաժարական տա:
Նախ ձերբակալվեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակվեցին Բալասանյանի որդին, նախկին եւ ներկա փոխքաղաքապետերը: ԱՄՆ-ում բուժվող Սամվել Բալասանյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Շաբաթ օրը Գյումրիում Նիկոլ Փաշինյանն աչքալուսանք է տվել թիմակիցներին, թե` Գյումրին այլեւս մերն է»,- գրել է Hraparak.am-ը։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում, ասեք, մենք էլ իմանանք. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
- «Հրապարակ». Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ-ին