Կքրեականացվի թեկնածուներին մանդատից հրաժարվելուն հարկադրելը, կընդլայնվի դիտորդների շրջանակը
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից: Փաթեթը շուրջ երկու տարվա հետազոտությունների և հանրության բավականին լայն շրջանակի հետ քննարկումների արդյունք է, արժանացել է նաև Վենետիկի հանձնաժողովի դրական արձագանքին:
Օրինագծի ընդունման դեպքում՝ քաղաքացիներն ավելի դյուրին կիրականացնեն իրենց ընտրական իրավունքները՝ իրենց հաշվառման համայնքում քվեարկելու անհնարինության դեպքում՝ քաղաքացիներն արդեն էլեկտրոնային դիմումով կկարողանան փոխել տեղամասը և էլեկտրոնային ծանուցումով նոր տեղամասում քվեարկել առանց թղթային տեղեկանքի:
Արդարադատության նախարարության հաղորդմամբ, առաջարկվում է քրեականացնել ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը: Կմիասնականացվեն հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները՝ ընտրական գործընթացներն ավելի պատշաճ կազմակերպելու համար: Քվեարկության արդյունքների վերահաշվարկման ժամանակ առաջնահերթություն կտրվի թեկնածուների, վստահված անձանց, ընտրական հանձնաժողովի անդամների դիմումներին, և առաջին հերթին կվերահաշվարկվեն այն ընտրական տեղամասերի արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրինագծով կընդլայնվի դիտորդական առաքելություն իրականացնելու սուբյեկտների շրջանակը: Այսուհետ հիմնադրամները ևս կկարողանան հավատարմագրվել: Կհստակեցվի, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների հետ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում:
Հաշվի առնելով, որ ռազմական կամ արտակարգ դրությունը էականորեն կարող է փոխել երկրում տիրող իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական, առաջարկվում է նման դեպքերում ընտրական գործընթացը դադարեցնել, իսկ դրանց ավարտից հետո՝ սկսել կրկին՝ հնարավորություն տալով հաշվի նստել նոր իրողությունների հետ։
Մյուս բոլոր դեպքերում արդեն ընտրական գործընթացը կկասեցվի և կշարունակվի այն պահից, որտեղ կանգ է առել՝ որոշակի բացառություններով։
Եզրափակիչ ելույթում նա ասել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբի շրջանակում արդարադատության նախարարությունը բաց է և պատրաստակամ քննարկումների ու արդյունավետ որոշումներ ընդունելու հարցում: