Օտարերկրյա պետություններում գործող շահումով խաղերի կայքերը Հայաստանում կսահմանափակվեն
«Որոշմամբ սահմանվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հավելեց, որ որոշմամբ սհմանվում է նաև արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը։
Ըստ Հովհաննիսյանի՝դրանով գործարկում է համակարգը, որով կայքերի հասանելիությունն է սահմանափակվելու, հրապարակվելու է բանկային դրամապանակների ցանկը, որոնք արգելափակվելու են, նաև այդ դրամապանակներին բանկերի կողմից փոխանցումներ կատարելու հնարավորությունն է սահմանափակվելու։
«ՀՀ-ում և մեր կարգավորման ներքո գործող շահումով խաղեր կազմակերպողները գտնվում են մեր կարգավորումների և վերահսկողության ներքո և ենթարկվում են այն պահանջներին, որ մենք սահմանել ենք՝ պաշտպանելու ՀՀ քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից»,- հայտնեց ֆինանսների նախարարը և հավելեց, թե այդ ռիսկերը կառավարելու համար օտարերկրյա պետություններում գործող կայքերը, որ դուրս են ՀՀ կարգավորումների շրջանակից, պետք է սահմանափակվեն։
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ արձագանքեց՝ մեկ օրում և միանգամից ամեն ինչ չէ, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել, պետք է շատ հետևողական լինել, որ շրջանցման մեխանիզմներ չլինեն։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ցանկանում է նվազեցնել կարկտի առավել ակտիվ գոտիներում հնարավոր վնասները
- ՏՏ ոլորտի համար գործադիրը նախատեսում է շրջանառության հարկը 5 %-ից հասցնել 2 %-ի. Մխիթար Հայրապետյան
- Մշակող արտադրությունից և ՏՏ ոլորտից դրամի արժևորման հետ կապված ունենք բազմաթիվ անհանգստություններ. Վահան Քերոբյան