Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներն ավելացել են. Աշոտ Մելիքյան
«Հուլիս-սեպտեմբեր ամիսներին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի գրանցվել։ Հազվագյուտ ժամանակաշրջաններից է, երբ այդ ցուցանիշը 0 է»,- «Մեդիա կենտրոնում» «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ» 2024 թ. 3-րդ եռամսյակի զեկույցի ներկայացմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նա նշեց, որ տարատեսակ այլ ճնշումների քանակը նվազել է մոտ 2,5 անգամ. գրանցվել է 11 դեպք, իսկ երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 26։
Ըստ Ա. Մելիքյանի, ֆիզիկական բռնության դեպքերի բացակայությունն ու տարատեսակ այլ ճնշումների քանակի նվազումը կապված է այն հանգամանքի հետ, որ հասարակական-քաղաքակական իրավիճակը Հայաստանում այդ ժամանակաշրջանում հանդարտ էր, չկային զանգվածային ցույցերը, որոնք զուգորդվում են տարատեսակ ընդհարումներով, այդ թվում՝ ոստիկանական ուժերի հետ։
«Մեր բազմամյա դիտարկումները ցույց են տալիս, որ դրանք ուղիղ կապ ունեն. երբ թեժ պայմաններում են աշխատում լրագրողները, շատ ավելի մեծ են հարձակման ենթարկվելու, տարատեսակ այլ կոնֆլիկտների մեջ հայտնվելու վտանգը»,- ասաց նա։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի խոսքով, տարատեսակ այլ ճնշումները կարող են լինել սպառնալիքներ, վիրավորանքներ, ճնշումներ այն առումով, որ թույլ չտան ստանալ իրենց հետաքրքրող տեղեկությունները, խոչընդոտել լրագրողական գործունեությունը. «Դա էլ թեժ պայմաններում ավելի հաճախ է արտահայտվում, քան հարաբերական հանդարտ իրավիճակում»։
Ի տարբերություն ֆիզիկական բռնության ու տարատեսակ այլ ճնշումների, ներկայացված տվյալների համաձայն, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներն ավելի քան 2 անգամ ավելացել են։ Ա.Մելիքյանը նշեց, որ լրագրողների կողմից բազմաթիվ բողոքներ, օրինակներ են բերվել, երբ դիմել են պետական մարմիններ՝ կամ ժամանակին չեն ստացել տեղեկությունը, կամ լղզված պատասխաններ են եղել։
Երրորդ եռամսյակում գրանցվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 41 դեպք։
«Ցայտուն օրինակներից խոսենք։ Վերհիշենք հունիսի 12-ի դեպքերը, որի վերաբերյալ բազմաթիվ հարցումներ են գնացել տարբեր պետական ատյաններ, մասնավորապես ՆԳՆ ու առողջապահության նախարարություն։ Որպես կանոն, լրատվամիջոցները բավարար չափով ինֆորմացիա չեն ստացել, այդ գերատեսչությունները ձգձգել են պատասխանները»,- ասաց Ա. Մելքյանը։
Ուսումնասիրությունների համաձայն, նվազել են դատական գործերն ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների։ Երեք ամսում ընդամենը 6 նոր դատական հայց է ներկայացվել՝ բոլորը զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Հայցվորների մեջ է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լրատվամիջոցների դեմ դատական հայց ներկայացրած պաշտոնյաների շարքում առաջատարներից է։
բոլորն էլ վերաբերում են վիրավորանքին ու զրպարտությանը։ Նախորդ եռամսյակում 17 դատական հայց էր ներկայացվել։
«Առաջին երկու եռամսյակներում բավականին բարձր էին ցուցանիշները․ 9 ամսում արդեն 35 գործ է արձանագրված։ Ամբողջ 2023 թվականին գրանցվել էր 36 դատական գործ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումներում լրագրողների համար օրենքի՝ գոյություն չունեցող դրույթներ են մոգոնում
- Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
- Երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աննախադեպ է. Ա. Մելիքյան
- Լրագրողների նկատմամբ ուժ կիրառածները պետք է պատասխանատվության ենթարկվեն. IPI
- Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ
- Դատապարտում ենք հավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժի կիրառումը․«ՀՈՐՈՎԵԼ»
- Մեր սատարումն ենք հայտնում ցավալի իրադարձություններում տուժած բոլոր լրագրողներին ու օպերատորներին․ Լրագրողական կազմակերպություններ