Սահմանազատման վերաբերյալ կանոնակարգն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան
67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից վավերացված սահմանազատման վերաբերյալ կանոնակարգը լրջագույն խնդիրներ ունեցող փաստաթուղթ է, որը ներպետական ընթացակարգերով անցկացնելու նպատակը պատասխանատվության խնդիրը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, ինչպես նաև այդ նույն խմբակցությանը ձայն տված մարդկանց վրա տարրալուծելն է։ Այդ փաստաթուղթն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է, որի անունը ՀՀ այս իշխանությունը կդնի «Խաղաղության պայմանագիր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ՔՊ խմբակցության կողմից վավերացված կանոնակարգի և դրանից բխող վտանգների մասին, տեսակետ է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։
«Այս փաստաթուղթն իր մեջ ներառում է ինքնախոստովանական ցուցմունք, որ այն, ինչ տեղի ունեցավ Տավուշում, իրականում կապ չունի սահմանազատման և սահմանագծման հետ։ Այս կանոնակարգում շատ հստակ երևում է, որ գործընթացն իրականացվելու է փուլերով, ամեն փուլում արվածը համարվելու է արդեն սահմանագծված և սահմանազատված, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը թելադրելու է, թե ի՞նչ է ուզում, ո՞ր տարածքում, դա ստանալու է, և համարվելու է, թե գործ ունենք սահմանազատված և սահմանագծված կիլոմետրերի հետ։
Արդյունքում՝ բոլոր այն տեղերում, որտեղ կարող է նպաստավոր դիրքեր ստանալ Հայաստանից, Ադրբեջանը ստանալու է, իսկ եթե իրենից է կախված լինելու որևէ քայլ, օրինակ՝ զորքի հետքաշումը Հայաստանի սուվերեն տարածքից, գործընթացը կախելու է օդում»,- ասել է Կարեն Բեքարյանը։
Նա նաև հարց է հնչեցրել՝ արդյոք այս ամենին գնացող իշխանությունն այսքանից հետո կարո՞ղ է խոսել այն մասին, որ որևէ աղերս ունի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանության հետ։
«Իհարկե չունի, ավելին՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը պատերազմի ամենամեծ մունետիկն է։ Այն իշխանությունը, որ ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն ինչ տալ, դրանով գրգռում է դիմացինի ախորժակը, հետևաբար, այս իշխանությունն ամենամեծ պատերազմ բերողն է։ Նրանք բերել են մեծ ու փոքր պատերազմներ, բերել են ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի տարածքում, ուստի, որքան այս իշխանությունը մնա, այնքան ավելի շատ է պատերազմը մոտենալու Հայաստանին։ Ի՞նչ է, ուզում եք Հայաստան չունենա՞նք։ Այս իշխանությունը չի կատարում իր վրա դրված առաջին պարտավորությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանությունը։ Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ իշխանություն հայտարարի, որ իր առաջին պարտականությունը չի կարողանում կատարել, ու այդքանից հետո մնա իշխանության։ Այս առումով նոնսենս ունենք. նոնսենս է, որ պատերազմում պարտվածը գնա, բանակցի, բոնուսներ տա հակառակորդին և մնա իշխանության»,- ասել է Կարեն Բեքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ականները 67 կողմ ձայներով ընդունեցի սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը
- ՔՊ-ական պատգամավորները հաստատեցին սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը
- Կանոնակարգը բնավ այն իրավական հիմքը չէ, որի հիման վրա սահմանը վերականգնվելու է. Մհեր Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան