Հստակ պահանջներ կան և յոթ օր ժամկետ․ անհետ կորած և գերեվարված տղաների ծնողները քայլերթ են իրականացրել
2020թ․-ի պատերազմից հետո անհետ կորած, գերեվարված, բռնի առևանգված տղաների ճակատագիրն անհապաղ լուծելու խնդիր է դրված։ Այս մասին այսօր տեղի ունեցած ընթացքում ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը։
Նշենք, որ շարժման անդամները, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր քայլերթ իրականացրեցին՝ նամակ-պահանջ հանձնելու Նիկոլ Փաշինյանին։
«Արդեն մի քանի ամիս է «Համահայկական ճակատ» շարժումը ծնողների հետ դիմել է տարբեր պատկան մարմինների , դեսպանատների, միջազգային կառույցների՝ այս հումանիտար հարցին հնարավորինս շուտ լուծում տալու համար։ Ծնողների խոսքով՝ տարբեր ժամանակներում, երեք անգամ փորձել են գիշերել Փաշինյանի նստավայրի մոտ, ամառանոցի մոտ՝ ակնկալելով, որ Աննա Հակոբյանը որպես մայր դուրս կգա, կզրուցի, ցավոք որևէ մեկն իրենց չի հանդիպել։ Մեկ ու կես տարի այս մարդիկ փորձում են հանդիպել ԱԳ նախարարին , իսկ վերջինս ասում է, որ ժամանակ չունի։ Տիկին դատախազը, որի հետ իրապես բազմաթիվ հարցեր ունեն քննարկելու, որևէ կերպ չի ընդունում այս ծնողներին։ Ծնողները պատմել են՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, թե Ալիևը երդվել է, որ այնտեղ կան այսքան թվով գերիներ և վերջ, ես ուղղակի չեմ հասկանում»,- վրդովված նշեց Ստեփանյանը։
Նա նշեց, որ նամակում հստակ պահանջներ են հղել Փաշինյանին։
«Հստակ պահանջներ կան և յոթ օր ժամկետ, եթե այս ժամկետում չի կատարվում, ապա իշխանության անգործությունը ևս կհանձնվի տրիբունալի դատին։ Դա լինելու է ամենամեծ դատաստանը»,-ասաց նա։
Ստեփանյանի խոսքով՝ նրանց բոլոր արարքներն ունենալու են բարոյական և իրավական հետևանքներ։
«Մեր բոլոր ջանքները միտված են այն բանին, որ Նիկոլ Փաշինյանին հնարավորինս շուտ հեռացնենք պաշտոնից։ Որքան՝ շուտ, այդքան՝ լավ»,- ասաց նա։