Նախատեսվում է Հայաստանում ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ
ԱԺ նիստում այս քննարկվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ: Արդյունքում՝ աշխատանքային պայմանագրերը կլինեն նույնատեսակ և գրագետ կազմված, հասանելի կլինեն թե՛ աշխատողին, թե՛ գործատուին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով, նոր համակարգի ներդնումը հնարավորություն կտա բարձրացնելու Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության մակարդակը, նվազեցնելու փաստաթղթաշրջանառությունը: Նախատեսվում է, որ համակարգը կնախագծվի և կծրագրավորվի Պետական եկամուտների կոմիտեի կողմից:
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ գործադիրը նախատեսում է համակարգը ներդնել երկու փուլով՝ կամավոր և պարտադիր: Կամավորը կներդրվի 2025 թվականի հուլիսի 1-ից և կտևի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը. դրանից հետո այն բոլորի համար կլինի պարտադիր: «Այս համակարգին հասանելիություն կունենան ՊԵԿ-ը, Տեսչական մարմինը եւ Միգրացիոն ծառայությունը», - ասել է զեկուցողը:
Հարակից զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ նախաձեռնությամբ փորձ է արվում ավելի դյուրացնել աշխատանքային պայմանագրեր կնքելու գործընթացը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում գործատուին և աշխատողին՝ էլեկտրոնային հարթակում ստորագրելու միմյանց միջեւ համաձայնեցված պայմանագիրը: