«Փաստ». Տեղի է ունենում մեր երկիրը կտոր-կտոր թշնամիների տրամադրության տակ դնելու գործընթաց
«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի անվան ՔՊ խմբակցության թվով 67 պատգամավոր, միահամուռ ու «հպարտ մենության» պայմաններում «կողմ» քվեարկելով, այսպես ասած՝ վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը: Բնականաբար՝ 0 «դեմ», 0 «ձեռնպահ»: Բնականաբար, քանի որ, ինչպես հայտնի է, խորհրդարանի ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քաղաքական հայտարարություններով բոյկոտեցին հիշյալ «կանոնակարգի» ինչպես քննարկումը, այնպես էլ՝ քվեարկությունը:
Սկզբունքորեն, դա կանոնակարգ էլ չէ, անկախ այն բանից, թե դրա մեջ ինչ է գրված: Մեծ հաշվով, տեղի է ունենում Հայաստանի պետականության աստիճանական լուծարման, կազմաքանդման և մեր երկիրը կտորկտոր թշնամիների տրամադրության տակ դնելու, շարունակական միակողմանի զիջումներ իրականացնելու գործընթաց: «Կանոնակարգ-մանոնակարգն» ընդամենը այդ ոճրագործությանն ինչ-որ իրավական շղարշ հաղորդելու համար է: Մյուս կողմից՝ արդեն վաղուց ոչ մի բանիմաց մարդու համար նորություն չէ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը՝ առավելապես ԱՄՆ ներկայիս վարչախմբի ճնշման ու «գլխավոր հովանավորության» և վերջինիս տարածաշրջանային գործընկեր-ՆԱՏՕ-ի անդամ ու ծայրահեղորեն հայատյաց Թուրքիայի անմիջական հսկողության պայմաններում: Նա հենց դրա համար էլ 2018-ին բերվել, իսկ 2021-ին էլ պահվել է իշխանության: Նա իր հանձնարարություններն է կատարում:
Ողջ հարցն այն է, թե ինչ են ուզում անել մյուս ուժերը, խորհրդարանական ու ոչ խորհրդարանական ընդդիմադիր-ազգային միավորումները: Ամենից կարևորն այն է, որ թե՛ խորհրդարանական ընդդիմության բոյկոտը, թե՛ արտախորհրդարանական ուժերի հայտարարություններն ինքնին ենթադրում են տրամաբանական շարունակություն, ենթադրում են գործողություններ: Այլապես ստացվում է, որ Փաշինյանն իր ուզածն արեց, մյուսները ասացին, որ նրա արածը հակասահմանադրական ու հակապետական է, ու... ամեն մեկը գնաց իր «բանուգործին»: Հարցն այն է, որ երբ իրականանա թեկուզ նույն ընդդիմադիրների ամենամռայլ կանխատեսումների թեկուզ կեսը, արդեն երևի ոչ մեկին հետաքրքիր չի լինելու, թե ով էր կողմ, ով էր դեմ, ով էր բոյկոտում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան