Դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված բողոքը․ Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․
«2022 թվականի դեկտեմբերի 9-ին անփառունակ ձևով տապալվեց Վ.Բրյուսովի անվան համալսարանը նվաճելու «ամենաժողովրդավարական» իշխանության առաջին փորձը։ Վերընտրվեց Կարինե Հարությունյանը։ Ընտրության արդյունքը «ջրելու» գործընթացներին զուգահեռ, ինչպես արդեն ընդունված է ժողովրդավարության բաստիոնում, նախաձեռնվեցին քրեական վարույթներ...
ՊսևդոՀանրային հեռուստաընկերության եթերով ռեպորտաժ տրվեց, թե ընտրության օրը ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը հայհոյանքներ է հնչեցրել այդ ժամանակվա ԿԳՄՍ նախարար Դումանյանի հասցեին։ Մի քանի օր անց, Սիսակ անունով մի պատգամավոր հիշեց, որ նման ռեպորտաժ է տեսել ու հանցագործության մասին հաղորդում հղեց ՀՀ գլխավոր դատախազին։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, Գրիշա Թամրազյանի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, նրան մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար, ընտրվեցին խափանման միջոցներ, այդ թվում պաշտոնավարման կասեցումը, հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատարան... Ու այս ողջ ընթացքը երկար-բարակ հաղորդագրություններով հանրությանն էին ներկայացնում քրեական հետապնդման մարմինները։
Իսկ այն մասին, որ Գրիշա Թամրազյանն արդարացվել է դատարանում` լռություն։
Ինչևէ, այսօր ստացանք ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որով դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված բողոքն ու օրինական ուժի մեջ է թողնել Գրիշա Թամրազյանի արդարացման դատավճիռը։
Բոլոր այս ապօրինի հետապնդումների մասին տեղեկությունները պետք է գրառել ու պահել։ Գալու է դրանք վերհիշելու ժամանակը...»։
Հարակից հրապարակումներ`
- Գրիշա Թամրազյանն արձագանքում է ՔԿ-ին. Իմ պայքարը հանուն արդարության շարունակվելու է որտեղ էլ, որ լինեմ
- «Ժողովուրդ». Ի՞նչ պարզվեց՝ ով է ճիշտ Գրիշա Թամրազյան-Սմբատ Գոգյան թեժ «մարտերում»