Այս տարվա ինն ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ավելի քան 16 հազար մարդ. Ղազարյան
«2018 թվականից աճել է Հայաստանի քաղաքացիության շնորհումների թիվը, իսկ այն իր պիկին հասել է 2022-ին։ 2018-ին 12 հազարից ավելի օտարարեկրացի դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, 2022-ին, պայմանավորված Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով, այդ թիվն աճել է՝ հասնելով 25 հազարի»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա նշեց, որ 2023-ին քաղաքացիության շնորհումների համար դիմումների թիվը մի փոքր նվազել է՝ հասնելով ավելի քան 19 հազարի, 2024-ին պահպանվում է նախորդ տարվա տեմպը, այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում արդեն եղել է 16. 060 դիմում։
ՀՀ քաղաքացիության դադարեցման դիմումներ, միջին հաշվով, լինում են տարեկան 3000 չափով։
«Դա նշանակումէ , որ վերջին 3-4 տարիների ընթացքում տարեկան քննվում է 25-30 000 գործ, ինչն ահռելի ծանրաբեռնվածություն է, առկա թերի գործիքակազմը թույլ չի տալիս այ գործերը քննել արդյունավետ կերպով և հասցնել տրամաբանական ավարտին»,-ասաց ծառայության պետը։
Հիշեցնենք, որ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում՝ անցում կատարելով թվայնացման։
Ղազարյանի խոսքով, փոփոխությունները թույլ կտան կրճատել գործընթացի տևողությունը, մեծացնել աշխատանքի արդյունավետությունը։
«Բազմաթիվ երկրներում մարդիկ քաղաքացիություն ստանալու համար ստիպված են սպասել տարիներ։ Հայաստանի պարագայում դա ընդամենը մի քանի ամիս է և շատ դյուրացված կարգերով»,-նշեց Ա. Ղազարյանը։
Փոփոխությունների մասին մանրամասները՝ տեսանյութում։