Հիմնանորոգումից հետո վերաբացվեց Մերգելյանի պուրակը
Այսօր տեղի ունեցավ Մերգելյանի հիմնանորոգված պուրակի բացումը։ Երևանի Կոմիտաս փողոցի սկզբնամասում գտնվող, նշանավոր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անունը կրող այգին տարիներ շարունակ անմխթար վիճակում էր, իսկ այսօր դարձել է անճանաչելի՝ հարակից շենքերի բնակիչների խոսքով՝ «հրաշալի ու հոյակապ տարածք»։
Այգու տարածքում է տեղադրվել նաև ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանի «Լեռնային պար» հայտնի խմբաքանդակը, որն 1984 թվականից տեղադրված է եղել Երևանի Պարոնյան փողոցի հ.40 հասցեի «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակում:
«Այս արձանը հայի միասնական ոգու արտացոլումն է, հայկական պարը՝ լեռնապարը։ Մեր ամբողջ ժողովրդի լեռնապարն է։ Մենք մեր լեռների պես կանգուն ենք՝ միշտ, այսօր և ապագայում»,- այգու վերաբացման ժամանակ ասաց Տիգրան Արզումանյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ, հիմնանորոգումից հետո այգին դարձել է հարմարավետ, բարեկարգ ու ժամանակակից։
Փետրվարից մեկնարկել էր շուրջ 5000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող այգու տարածքի բարեկարգման աշխատանքները։ Տարածքը կանաչապատվել է, կառուցվել է խաղահրապարակ, ամֆիթատրոն, զրուցատաղավար, տեղադրվել են նստարաններ, վերանորոգվել է ցայտաղբյուրը։
Այսօր տնկվեց շուրջ 70 ծառ։
«Մերգելյանի այգու նախագիծը բազմաթիվ քննարկումների փուլեր է անցել, այդ թվում հանրային քննարկումներ։ Դրվել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում, որտեղ մարդիկ հնարավորություն են ունեցել քվեարկել իրենց նախընտրած նախագծերի համար, թողնել մեկնաբանություններ։ Այդ մեկնաբանությունների հիմքով նախագծերը շտկվել են և փաստացի ունենք նախագիծ, որն անցել է հանրային քննարկման բոլոր փուլերը»,- ասաց Տ.Ավինյանը։
Հարակից շենքերի բնակիչները շատ գոհ են կատարված աշխատանքից։
«Ոչ մի բան պակաս բան չեմ տեսնում»։ «Ինձ շատ դուր եկավ». Panorama.am-ի հետ զրույցում ասացին քաղաքացիները։
Ներկաներից մեկը միայն նշեց, որ խաղահրապարակը փոքր է, կարելի էր այլ հատվածներում էլ խաղահրապարակներ անել։
«Ծնողները կարող են հանգիստ թողնել երեխաներին այս մաքուր, անվտանգ զբոսայգում»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։