ՊԵԿ. Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ
Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։ Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հսկողության տակ էին վերցվել մի շարք տրանսպորտային միջոցներ։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, օպերատիվ տեղեկությունն իրացնելիս՝ ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, ԱԱԾ Երևան քաղաքի վարչության և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ռ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնված բեռնատարը: Արդյունքում, նշված բեռնատարի կիսակցորդից` ցեմենտի պարկերի տակ թաքցված, հայտնաբերվել է առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ։
ՄԴՊ վարչության ծառայողների նախնական հաշվարկով, վերոնշյալ ծխախոտները թաքցնելու միջոցով ՀՀ տարածք ներմուծելու արդյունքում, չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 22,5 մլն ՀՀ դրամ ակցիզային հարկ, այսինքն, քաղաքացու արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող 68,500 տուփ ծխախոտը և բեռնատար ավտոմեքենան վերցվել և ի պահ են հանձնվել «Ագարակ» մաքսային անցման կետում: Ռ․Հ․-ն ձերբակալվել և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան