Վարոսյան. Արդարադատության նախարարի թեկնածուի շուրջ անհասկանալի խաղեր են
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տևական ժամանակ՝ արդեն երեք շաբաթ չեն կարողանում արդարադատության նախարարի պատշաճ թեկնածու գտնել, որին կողմ կքվեարկեն վարչության անդամների մեծամասնությունը։
Առաջադրված, քվեարկված, հենց կուսակիցների, թիմակիցների կողմից մերժված թեկնածուների թիվը շուտով կհատի տասնյակը՝ Արփի Դավոյան, Սուրեն Գրիգորյան, Նազելի Բաղսադարյան, Արմեն Խաչատրյան, Ալեքսանդր Սիրունյան և այլք։
Այսօր էլ մամուլը գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդարադատության նախարարի երկու նոր թեկնածուների է դիտարկում. ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։
Panorama.am-ը փաստաբան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեց, ո՞րն է պատճառը, որ իշխող ուժում չեն կարողանում նախարարի պատշաճ թեկնածու գտնել՝ կադրային սո՞վ է, ինչպես գրում է մամուլը, թե՞ չեն ցանկանում բեռի տակ մտնել։
Երվանդ Վարոսյան-Այս պարագայում բոլոր տարբերակները միաժամանակ կան։ Ես չեմ պատկերացնում մարդ, մասնագետ, իրավաբան, որ կհամաձայնի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատել, որովհետև կարծեմ արդեն կանխատեսելի է, թե ինքն այնտեղ ինչով է զբաղվելու։ Ապագա նախարարը չի զբաղվելու արդարադատության ոլորտը համակարգելով, կարգավորելով, օրենսդրական դաշտում առկա բացերը լրացնելով, դատական համակարգի նկատմամբ՝ ոչ թե ըստ իշխանության ցանկության, այլ ըստ օրենքի, կարգապահական վարույթ նախաձեռնելով։ Բնականաբար իրեն հարգող իրավաբանը, բնական է, այդտեղ գործ չունի։
Panorama.am-Հետևաբար ինչո՞վ է զբաղվելու ապագա նախարարը։
Երվանդ Վարոսյան-Նիկոլի քմահաճույքները կատարելով, որոնք ուղղված են իր իշխանությունը երկարացնելուն, ինչով զբաղվել են մնացած բոլորը մինչ օրս, այդ թվում նաև պատմության գիրկը նետվածները։ Հիմա բայց ինձ ուրիշ բան է զարմացնում, ինչի՞ համար է այս փնտրտուքը, ՔՊ-ի տեսակետից ի՞նչ վատ թեկնածու է Արփի Դավոյանը։ ՔՊ-ի կադրերից Արփին ինչո՞վ էր տարբերվում, ինչ-որ պետք է անում էր, ինչ-որ պետք է խոսում էր, վարկեր էլ ունի, կարծեմ։ Հոյակապ թեկնածու։ Զարմանալի է այս փնտրտուքը, ի՞նչ են ուզում գտնել։
Panorama.am-Այսինքն, Ձեզ համար հասկանալի չէ՞, ինչու Արփի Դավոյանի թեկնածությանը կողմ չքվեարկեցին։
Երվանդ Վարոսյան-Հա, իհարկե, զարմանալի է։ Քվեարկողներին էլ նայում ես, մեկը լինի, իրենց կողմ կամ դեմ քվեարկի։ Դեմ քվեարկողներից ոչ մեկին Արփի Դավոյանը ոչնչով չի զիջում։ Անհասկանալի ինչ-որ խաղեր են խաղում։
Panorama.am-Դուք ասում եք՝ դժվար լինի մի իրավաբան, որ համաձայնի Փաշինյանի օրոք նախարարի պաշտոնը զբաղեցնել...
Երվանդ Վարոսյան-Չէ, իրեն հարգող, թե չէ շատ կան իրավաբաններ, որ հերթով կանգնած են, ընդ որում դրանք ավելի շատ են, քան իրենց հարգողները։ Այնպես որ բազան կա։
Panorama.am-Պարոն, Վարոսյան, այս պահին արադարադատության ոլորտում ի՞նչ կարևոր խնդիրներ կան, որոնք պետք է առաջնահերթ լուծվեն, երբ գտնվի պատշաճ թեկնածու, իրեն հարգող իրավաբան, ենթադրենք լինի մի իրավիճակ, երբ միջամտություն չկա իշխանության կողմից։
Երվանդ Վարոսյան-Եթե մենք վեր հանենք իրական խնդիրները, դա կլինի անիմաստ զբաղմունք, որովհետև Ձեր հարցի երկրորդ մասը չի լինելու, նրանք չեն ընտրում թեկնածու, որ ինչ-որ խնդիր լուծի։ Այս իշխանության օրոք, մեր՝ առանց այդ էլ ոչ անկախ դատական համակարգը բնաջնջվեց, չկա որպես այդպիսին, գոյություն չունի, քաղաքական հետապնդումները դեռ թողնենք մի կողմ։ Այն վերածվել է դատախազության զուգահեռ ռեպրեսիվ մի համակարգի։ Հիմա եթե մենք խոսենք այն մասին, որ Նիկոլի նախարարը պիտի էդ հարցով զբաղվի, բնական է, որ չի զբաղվելու, քանի որ Նիկոլի իշխանությունը պահելու տեսակետից պետք է, որ այդ համակարգը չլինի, եկողն էլ զբաղվելու է միայն նրանով, որ քաղաքական իշխանության վերահսկողությունից այդ համակարգը չփախնի։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Նախարարի նոր թեկնածուներն են Արփինե Սարգսյանը և Լիանա Ղալթաղչյանը
- «Ժողովուրդ». Չի բացառվում, որ արդարադատության նոր նախարարը ՔՊ անդամ չլինի, քանի որ գրագետ կուսակցականներ չկան ՔՊ-ում
- «Հրապարակ». Փաշինյանը դեմոկրատիա է խաղում՝ առաջարկելով արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածություններ առաջադրել
- Պետք է ներկայացնենք նաև թեկնածուներ, որոնք ՔՊ անդամ չեն. Ալեն Սիմոնյանն՝ արդարադատության նախարարի նշանակելու մասին
- «Հրապարակ». Նախարարի պաշտոնի ավելի մեծ դեգրադացիա դժվար է պատկերացնել. Արփի Դավոյանը երեկվանից ցնծության մեջ է
- Գրիգոր Մինասյանը հրաժարական ներկայացրեց