Սուրենյանց. Պատճառ չեմ տեսնում, թե ինչու Ադրբեջանը պետք է շտապի
«Կազանյան հանդիպումից հետո վաղաժամ է հեռուն գնացող ենթադրություններ անել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով հարցին, հնարավո՞ր է մինչև Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ինչ-ինչ քայլերի ականատես լինենք։
Նրա գնահատմամբ, հանդիպման վերաբերյալ տարածված տեքստը շատ ընդհանուր է, տեքստ՝ ոչ մի բանի մասին։
«Չեմ կարծում, որ COP29-ին ընդառաջ ինչ-որ քայլեր լինեն, գրեթե անհնար եմ համարում, քանի որ միջացառմանը մնացել է ընդամենը 20 օրից էլ քիչ ժամանակ։ Այնտեղ խոսվել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում պետք է ամբողջացնեն հայտարարությունը, ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու Ադրբեջանը պետք է շտապի»,-ասաց Սուրենյանցը։
Հիշեցնենք, երեկ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես հայտարարել էր. «Համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։ Արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային փոխադարձ պահանջների բացակայության և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ձևակերպումները»։
Քաղաքագետն այս առումով ընդգծեց՝ հայտնի էլ չէ, թե որ կողմն է իր դիրքերից զիջումներ կատարել, քանի որ մոտեցումների ակնհայտ տարբերություն կար, Հայաստանն առաջարկում էր համաձայնեցված 13 սկզբունքներրի ներքո ստորագրել, իսկ Ադրբեջանը հակադարձում էր, որ այն հակասում է դիվանագիտական հայտնի սկզբունքին։
«Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու Բաքուն պետք է զիջման գնա։ Իսկ եթե մյուս երեք կետերի շուրջ պետք է բանակցությունները շարունակվեն, դա հաստատ 10-15 օրվա խնդիր չէ։ Այս պահին Բաքուն չի գնա ստորագրման, քանի որ իրենց բոլոր հայտարարություններն այլ բանի մասին են։ Իրենք վերսալյան մոդելով կապիտուլյացիա են ուզում պարտադրել Հայաստանին, համենայն դեպս իմ տպավերությունը դա է»,-ասաց Սուրենյանցը։
Այդ համատեքստում նա հիշեցրեց Բաքվից հնչած հայտարարությունը, ըստ որի խաղաղության պայմանագրի սուբյեկտը պետք է լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Սա ենթադրում է պարտադրել հանրաքվե, որը ներառելու է մի շարք ցավոտ հարցեր՝ այդ թվում Սահմանադրության փոփոխություն։
«Այլ կերպ ասած, Ադրբեջանը Հայաստանին դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է պարտադրում, ինչը հաջողությամբ առայժմ իրականացնում է։ Զսպող հանգամանք չկա։ Ես չեմ պատկերացնում ինչ զորավոր ազդեցությամբ նամակ պետք է լինի կամ ինչ երաշխավորություն այս տուրբուլենտ աշխարհում, որ Ադրբեջանի կարծր դիրքորոշում այն կարգի փոխի, որ Ադրբեջանը 15-20 օրում գնա համաձայնության։ Նշաններ չեմ տեսնում, նույնիսկ երեկվա հանդիպման համատեքստում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում
- Կազանում Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում է կայանում
- Կազանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան