Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց
Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Արձագանքելով լուրին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը հարց է հնչեցրել.
«Իսկ սրա պատասխանն ո՞վ է տալու: Միշա Գյուրջյանին մեկ ամիս պահեցին բանտում, արգելել էին տեսակցությունները, ողջ երկրով հայտարարեցին, թե Արցախի Մարտակերտի քաղաքապետը (Ասկերան, Ստեփանակերտ...) մեքենա է «գողացել», գեներացրեցին հակաԱրցախյան տրամադրություններ ու հիմա՝ կներե՞ս... Քաղաքական պատվերով քրեական գործեր, այդ օրերին արցախցիներին լռեցնելու համար...»։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ հայտարարել էր.
«Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետերի դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է»։
ՔԿ-ն Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին մեղադրանք էր ներկայացվել խարդախության և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։
«2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի, 2010 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ. Ս-ն ներկայացնելով կեղծ տեղեկություններ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, նույն օրը, առանց օրինական հիմքի, հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ. Ս-ն որպես նվիրատու, իսկ Մ. Գ-ն ՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել են Մ․ Գ․-ին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի վերոնշյալ ավտոմեքենան»,-նման հաղորդագրություն էր տարածել քննչական կոմիտեն։
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտի քաղաքապետն ազատվեց տնային կալանքից
- Արցախի Մարտակերտ համայնքի ղեկավարի խափանման միջոց կալանքը փոխվել է
- Համեմատեք Ալեն Սիմոնյանի հարսի ու Մարտակերտի քաղաքապետի գործը. Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում
- Մարտակերտի քաղաքապետին կալանավորեցին
- Փաստաբան. Մարտակերտի քաղաքապետին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ
- Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին