ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել մաքսային վճարներ և ԱԱՀ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոչ մասնագիտացված մեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից, որը, սակայն, օտարերկրյա իրավաբանական անձի անվամբ է գրանցված, ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել 103.261.200 ՀՀ դրամ մաքսային վճարներ, որից 40.761.000 ՀՀ դրամը՝ մաքսատուրք, իսկ 62.500.200 ՀՀ դրամը՝ ԱԱՀ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 103 410 000 ՀՀ դրամի չվճարված վճարների գումարը:
Նշված անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել` պատճառված վնասը վերականգնելու հիմքով»,- ասվում է հաղորդագրությունում: