Բերդի նախկին ղեկավարը կրկին դատարանի առաջ է կանգնել
Բերդ համայնքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա` կրկին կանգնել դատարանի առաջ` նույն գործով:
Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն ու հիշեցնում, որ քրեական գործը, որով կայացվել էր արդարացման դատական ակտը, վերաբերում է ինքնակամ շինությունը չվերացնելուն: Այս գործով Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երեք դրվագ) և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Գործը հարուցվել է շուրջ երկու տարի առաջ, հենց այս գործով 2022թ. Նոյեմբերի 10-ին ձերբակալվեց, ապա` կալանավորվեց Մանուչարյանը` Բերդ համայնքի ահավագանու նիստից առաջ, որի օրակարգում եղել էր համայնքապետի ընտրության հարցը։
Քրեական գործը նախ գտնվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, ապա, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված` տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, արձանագրել է գործով դատավարական խախտումները և որոշել արդարացնել Մանուչարյանին` հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելով քրեական հետապնդումը:
Պաշտպան Արման Թամրազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել` նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը փաստի վերաբերյալ քրեական գործ չէր հարուցել, այսինքն` մեղադրանք էր առաջադրել, ուղարկել դատարան այն պայմաններում, երբ փաստի առթիվ անգամ գործ չկար հարուցված:
«Գործից անջատել էր փաստաթղթերի տրցակ, գործ հարուցված չէր, չէր կարող մաս անջատել: Փաստաթղթերի տրցակն ուղարկել էր դատարան, առաջին ատյանի դատարանն էլ շատ ճիշտ որոշում էր կայացրել` արդարացման դատական ակտ` դատավարական իրավունքի խախտման փաստով, որ քրեական գործ հարուցված չէր, չէր կարող լինել մեղադրանք: Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազի բողոքը` իրավական նորարարություն ինչ-որ, ասում է` կապ չունի` փաստի առթիվ գործ հարուցված չէ, եթե գործից մաս է անջատվում, նշանակում է նոր քրեական գործ է: Այսինքն`քրեական դատավարության օրենսգիրքը, որ նախատեսում է կառուցակարգեր, թե ինչպես պետք է հարուցվի քրեական գործը, ինչ կարգով, ինչ որոշում պետք է կայացվի` գործ հարուցելու դեպքում, Մանուչարյանի դեպքում չի գործում »,- նշել է պաշտպանը` հավելելով, որ Վճռաբեկ դատարանն իր բողոքը վարույթ չի ընդունել, իրավական անորոշությունը, որը պետք է վերացվեր, խնդրին լուծում տրվեր` չի տրվել, հիմա գործը կրկին առաջին ատյանի դատարանում է` Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ. Ստեփանյանի վարույթում` նախնական դատալսումների փուլում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան