Երևանում բախվել են ավտոբուսն ու մարդատար մեքենան, կա տուժած
Այսօր հասարակական տրանսպորտի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:00-ի սահմաններում Սասունցի Դավթի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Համլետ Խանվելյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսն ու 47-ամյա Խաչատուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 31-ամյա Շ. Ղազարյանը տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: