Ընտրել կառավարություն, որը կծառայի վրաց ժողովրդին, կամ գործակալություն, որը կկատարի օտար երկրի խնդիրները. Վրաց առաջնորդները կատարել են իրենց ընտրությունը
Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրությունները քվեարկությունը, իշխանության ներկայացոցիչները, ընդդիմադիր առաջնորդներն արդեն իրենց ընտրությունը կատարաել են։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քվեարկելուց հետո ասել է, որ հանրաքվեին համարժեք ընտրություններ են, որտեղ պետք է որոշվի երկրի զարգացման ուղղությունը։
«Այսօր մենք պետք է մեզ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ սա շատ սկզբունքային, վճռական ընտրություններ են, հանրաքվեին համարժեք ընտրություններ։ 2012 թվականի ընտրություններին հավասար ընտրություններ, որտեղ ևս մեկ անգամ պետք է վերջնականապես որոշվի երկրի զարգացման ուղղությունը։ Սա հանրաքվե է պատերազմի և խաղաղության, անբարոյական քարոզչության և ավանդական արժեքների միջև, անցյալի և երկրի պայծառ ապագայի միջև:
Դուք տեսնում եք, որ այս ընտրություններում էապես երկու քաղաքական ուժ կա: Մի կողմն առաջարկում է մեզ այն ամենը, ինչ մենք պետք է թողնենք անցյալում, մենք ընտրողներին առաջարկում ենք երկրի պայծառ ապագա, խաղաղություն, տնտեսական առաջընթաց և զարգացում երկրի բոլոր ուղղություններով։ Մենք լավատեսական կանխատեսում ունենք, ակնկալում ենք ձայների մինչև 60 տոկոսը, սա սկզբունքորեն կարևոր է երկրի կայուն և խաղաղ զարգացումը շարունակելու համար»,-1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ է արել ճանաչել ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքները։
«Կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին ճանաչել ԿԸՀ-ի ներկայացրած ընտրությունների արդյունքները։ Սա մեր և ընդդիմության սկզբունքային տարբերություններից մեկն է։ Մենք միշտ հետևում ենք ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներին։ Ես նաեւ կոչ եմ անում ընդդիմությանը, երբ հայտարարվի 60 տոկոսանոց արդյունքը, հաշտվել այն փաստի հետ, որ վրաց ժողովուրդը վերջնական հրաժարվեց իրենցից, վրաց ժողովուրդը վերջնական հրաժարվեց վերադառնալ մութ անցյալ»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ այսօր կա ընտրություն չարի և բարու միջև, անաստվածության և հոգևորության միջև։
Նրա խոսքով, «Վրացական երազանքը» միակ ընտրությունն է, որն այսօր ունի վրաց ժողովուրդը։
«Ինքնին «Վրացական երազանքը» միակ ընտրությունն է, որն այսօր ունի վրաց ժողովուրդը, քանի որ այսօր կա ընտրություն չարի և բարու, անաստվածության և ոգեղենության միջև։ Այսօր ընտրություն է, որի առաջ հազվադեպ է կանգնում մեր ժողովուրդը։ Ուստի կարևոր է, որ այսօր մարդը գնա ընտրատեղամասեր, աջակցի «Վրացական երազանքին», որն այս երկրում 12 տարվա խաղաղության, դեպի Եվրոպա արժանապատիվ առաջընթացի և բարօրության ավելացման երաշխիքն է»,- ասել է Պապուաշվիլին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որքվեարկել է Վրաստանի օգտին, որի համար աղոթում էին իր նախնիները։
«Ցանկանում եմ համայն Վրաստանին շնորհավորել այսօրվա օրվա կապակցությամբ, որը ուրախալի օր է։ Ես քվեարկել եմ ոչ թե ում, այլ ինչի օգտին, այս անգամ: Ես քվեարկել եմ հանուն նոր Վրաստանի, այն Վրաստանի, հանուն որի 22 տարի առաջ եկա այս երկիր, որի համար իմ նախնիներն աղոթում էին։ Ես քվեարկել եմ այդ Վրաստանի օգտին, որի համար, վստահ եմ, ամբողջ Վրաստանն է աղոթում։ Երեկոյան մենք բոլորս կլինենք հաղթողներ։ Ոչ ոք չի պարտվի, քանի որ հաղթելու է Վրաստանը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան նշել է. «Այսօր շատ կարևոր օր է։ Առաջին հերթին այն, ինչ ես ուզում եմ խնդրել Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ անպայման գալ ընտրությունների։ Դուք պետք է իմանաք, որ ոչ ոք երբեք չի իմանա, թե ում եք քվեարկել։ Ամենակարևորն այն է, որ մենք բոլորս պետք է քվեարկենք, ես տվել եմ իմ ձայնը, որ երկիրը վերադարձնենք նորմալ վիճակի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երկիրը վերադարձնենք նորմալ, ժողովրդավարական, ազատ, արդար, եվրոպական զարգացման ուղի»։
«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Գվարամիան քվեարկությունից հետո ասել է. «Ես քվեարկել եմ փոփոխության համար, քվեարկել եմ Վրաստանի եվրոպական ապագայի օգտին, քվեարկել եմ կոալիցիոն կառավարման օգտին և հրաժարվել եմ անցյալից»։
Նրա խոսքով, ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում և տոնակատարություն է լինելու:
«Ես քվեարկել եմ փոփոխությունների համար, քվեարկել եմ Վրաստանի եվրոպական ապագայի համար, քվեարկել եմ կոալիցիոն կառավարման օգտին և հրաժարվել եմ անցյալից։ Կոչ եմ անում բոլորին քվեարկելիս մտածել մեր երեխաների, մեր նախնիների, նրանց ավանդների ու ժառանգության մասին, տանել Վրաստանը դեպի այն, ինչ իր պատմական ընտրությունն է և ապագա սերունդների ընտրությունը՝ սա Եվրոպան է։ Ընդդիմությունը հաղթելու է, պարզ է, տոնակատարություն կլինի, հաստատ»,- ասել է Նիկա Գվարամիան։
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ այսօր հեշտ է ընտրություն կատարել օտար երկրի գործակալության և այն կառավարության միջև, որը կծառայի վրաց ժողովրդին։
«Ես ուզում եմ դիմել հանրությանը, որ գնան ընտրությունների։ Ընտրությունը շատ հեշտ է անել։ Կամ մենք ընտրում ենք մի կառավարություն, որը կծառայի ձեզ, վրաց ժողովրդին, վրաց հասարակությանը, մեր հայրենիքին, կհոգա երկրի մասին, կամ դուք ընտրեք օտարերկրյա գործակալություն, որը կկատարի միայն օտար երկրի խնդիրները։ Նաև այսօրվա ընտրությունները եզակի են նրանով, որ օտար երկիրն ունի իր սեփական շահերը, որոնք կարող են անմիջապես ղեկավարել գործակալությանը, եթե մենք հասնենք մեր ճանապարհին և ընտրենք նրանց: Ինչպես գիտեք, հարևանությամբ պատերազմ է»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստաանում խորհրդարանական ընտրություններին գրանցված է 18 կուսակցություններին և դաշինքներ։ Ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է։