ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական վթարից ու երեկվա միջադեպից
Մայրաքաղաքի բնակչուհի Արմինե Դ.-ն հոկտեմբերի 26-ին հայտնվել է Երևանի վարչական սահմաններով ընթացող բեռնատար գնացքի դիմաց՝ երկաթուղային գծերի չարտոնված հատվածում։ Լոկոմոտիվային բրիգադի կողմից ձեռնարկվել են բախումից խուսափելու բոլոր փորձերը, սակայն բեռնատար գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել: Քաղաքացին ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ այս վայրում երկաթուղային ճանապարհի երթևեկելի հատվածում կառուցվել է բնակելի տան այգու պարսպապատ, ինչը շինարարական նորմերի անթույլատրելի խախտում է:
««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ցավակցում է մահացածի հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև կոչ է անում քաղաքացիներին պահպանել երկաթուղային ենթակառուցվածքի թույլատրելի հատվածներում հատման կանոնները և ընդգծում է գծերի վրա քաղաքացիների գտնվելու անթույլատրելիությունը»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Մեկ այլ դեպք է տեղի ունեցել երեկ. հոկտեմբերի 27-ին Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է ВАЗ 2107 մակնիշի մարդատար ավտոմեքենային, որն անտեսել է լուսացույցի կարմիր ազդանշանը և դուրս եկել ընթացող գնացքի դիմաց: Բարեբախտաբար, լոկոմոտիվային բրիգադի կողմից արտակարգ արգելակման կիրառման հետևանքով բախման հետևանքով ոչ ոք չի տուժել: