Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային կյանքի կարևոր և անբաժանելի մասը։ Այսօր բոլորիս միավորել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որն իրավամբ կարելի է համարել տարածաշրջանի ամենամեծ անիմացիոն իրադարձությունը։ Իր ստեղծման օրվանից փառատոնը նպատակաուղղված գործունեություն է ծավալել Հայաստանում անիմացիոն կինորավեստը զարգացնելու և միջազգային հարթակներում հայկական անիմացիան ներկայանալի դարձնելու նպատակով։ Հոկտեմբերի վերջին շաբաթը Երևանում իսկապես թևածում էր անիմացիայի շունչը՝ իր վառ գույներով»:
Փառատոնի ամփոփիչ միջոցառմանն ազդարարվել են մրցութային ծրագրերի հաղթողները: «ՌեԱ» փառատոնում այս տարի ընդգրկված էին 41 ավարտական, 59 կարճամետրաժ և 8 լիամետրաժ մրցութային ֆիլմեր։
Ավարտական ֆիլմերի անվանակարգում հատուկ հիշատակման է արժանացել Էրիկա Տոտորոյի (ԱՄՆ) «Հանելուկ»-ը, իսկ «Լավագույն ավարտական ֆիլմ» է ճանաչվել «8-րդ օրը». հեղինակներ՝ Ագաթ Սինիշալ, Ալիսիա Մասսե, Էլիզ Դեբրույն, Ֆլավի Կարի, Տիո Դյուոտուա (Ֆրանսիա)։
Կարճամետրաժ ֆիլմերի 1-ին տեղի մրցանակը ստացել է Florence Miailhe-ի (Ֆրանսիա) «Թիթեռը», իսկ ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել Լուկաս Մալբրունի (Ֆրանսիա) «Մարգարետե 89»-ը։
«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ադամ Էլիոթի «Խխունջի հուշերը» ֆիլմը, իսկ «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում՝ Իզաբել Էրգերայի «Սուլթանուհու երազը»:
Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գաղափարի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմը։
«ՌեԱ» փառատոնն այս տարի ևս հագեցած էր բազմաբնույթ ծրագրերով։ Փառատոնի շրջանակում ցուցադրվել են 250-ից ավելի ֆիլմեր, որոնց թվում էին Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և Բեռլինի հայտնի անիմացիոն կինոփառատոներում ցուցադրված ֆիլմերը:
Փառատոնի շրջանակում Հայաստան էին ժամանել 20-ից ավելի մասնագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից՝ կիսվելու իրենց փորձով, գիտելիքով և գնահատելու հայ անիմատորների և երիտասարդ ստեղծագործողների տաղանդը։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ փառատոնի շրջանակում իրականացվել է նաև ReA Comics Art ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթը։ Մրցույթում 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Ելենա Ներսեսյանի «Մխիթարանք» պատկերապատումը, 2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը՝ Միլենա Ադամյանի «Արձագանքներ» պատկերապատումը, իսկ 3-րդ տեղում «Մթնշաղի երազները» պատկերապատումն էր, հեղինակ՝ Լյուսի Դուրասովա:
Փառատոնի մյուս կարևոր բաղադրիչի՝ MarAni անիմացիոն շուկայի CoReAct համարտադրության հարթակն այս տարի հյուրընկալել է 17 հայաստանյան նախագիծ։ Հարթակի «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Այծեմնիկ» նախագիծը (ռեժիսոր/պրոդյուսեր` Էլինա Երկատյան):
1-ին տեղի մրցանակը շնորհվել է «Տատիկն ու ստվերը» նախագծին (ռեժիսոր/պրոդյուսեր՝ Լիանա Գևորգյան և Seagull Production),
2-րդ տեղում «Իմ ընկեր աղմուկը» նախագիծն է (ռեժիսոր՝ Հասմիկ Սիմոնյան, պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյան), իսկ
3-րդ տեղում՝ «Քուլ Դաուն» նախագիծնը (ռեժիսոր/պրոդյուսեր՝ Հայկ Կարապետյան և Zrah Studio)։
Հաղթող նախագծերի հեղինակներին AETIS Մտավոր սեփականության պաշտպանության էկոհամակարգի կողմից տրվել են հավաստագրեր։
Միջոցառման ավարտին Փառատոնի հիմնադիր-տնօերն Վրեժ Քասունին Ռոբ Սահակյանցի անվան մրցանակ է շնորհել Դիսնեյի ներկայացուցիչ, լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի աշխարհում ամենաազդեցիկ ռեժիսորներից Քըրք Ուայզին, որն աշխատել է այնպիսի լեգենդար ֆիլմերի վրա. ինչիսիք են «Գեղեցկուհին և հրեշը», «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը», «Ատլանտիս․ կորսված կայսրությունը»։ Ռեժիսորը Փառատոնի շրջանակում հանդես էր եկել իր վարպետության դասով։
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնն այս տարի նվիրված էր Հայկական անիմացիայի 85 և Հայ կինոյի 100-ամյակներին: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր: