Արթուր Միրզոյան. Թբիլիսիում բավականին լուրջ են տրամադրությունները
Այսօր շատերի ուշադրությունը սևեռված է դեպի Վրաստան։ Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ընդդիմությունը՝ երկրի գործող նախագահի գլխավորությամբ հայտարարել է, որ չի ընդունում արդյունքները և այսօր ժամը 19։00-ին հանրահավաք է հրավիրել։
Ի՞նչ է կատարվում հարևան երկրի մայրաքաղաքում, ի՞նչ տրամադրություններ են։ Այս հ ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանի հետ, որը բնակվում է Թբիլիսիում։
Panorama.am-Պարոն Միրզոյան, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիներին այսօր երեկոյան հրավիրել է Ռուսթավելիի պողոտա՝ հայտարարելով, չեն հանդուրժելու ԿԸՀ կողմից հրապարակված արդյունքները։ Ի՞նչ իրավիճակ է հիմա Թբիլիսիում։
Ա. Միրզոյան-Ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 19:00-ին հրավիրվել է ցույց նախագահի կողմից։ Բոլոր ընդդիմադիր խոշոր դաշինքները մասնակցելու են դրան, այսինքն միասնական ուժերով են դա անում։ Խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր ընդդիմադիր ուժերը համարում են, որ ընտրությունները կեղծվել են և համաձայն չեն այս արդյունքի հետ։
Մինչ այդ, անվտանգության մասով ոստիկանությունը հայտարարել էր, որ ապահովելու են հասարակական կարգը, պաշտպանելու են սահմանադրությունը և թույլ չեն տալու ինչ-որ հեղաշրջումներ անել կամ փոխել, փորձել այլ ձև լուծել ընտրությունների արդյունքները։ Դա միանշանակ ասված է և իշխանությունները, իրենց պնդմամբ, պատրաստ են դիմակայել մինչև վերջ, եթե նման փորձեր լինեն։
Panorama.am-Այս պահին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով, առաջատար է վրացական երազանքը։ Եթե այս արդյունքները չփոփոխվեն, այսինքն չբողոքարկվեն կամ հետագա զարգացումները չծավալվեն, ինչպե՞ս կանդրադառնա «Վրացական երազանք»-ի իշխանության ամրապնդումը Վրաստանում հայ համայնքի ու հայ-վրացական հարաբերությունների հետագա ընթացքի վրա։
Ա. Միրզոյան-Այս պահին բոլորը սպասում են վեջնական տվյալներին, քանի որ հրապարակված են քվեարկության էլեկտրոնային տվյալները։ Չեմ կարծում, որ վերջնական տվյալները հրապարակելիս մեծ փոփոխություններ կլինեն։ Հնարավոր է 1-2 տոկոսի տարբերություն լինի, բայց մեծ փոփոխություն չի լինի։ Ներկա պահին, ինչքան գիտեմ, իշխող կուսակցությունն է անցել խորհրդարան և չորս ընդդիմադիր դաշինքը։
Ընտրությունների արդյունքները համայնքի վրա կազդեն այնքանով, ինչքանով կազդեն պետության վրա։ Պետք է հաշվի առնել, որ մեր համայնքը ավանդական սփյուռքի նման համախմբված չէ ինչ-որ թեկնածուի կամ ինչ-որ ուժի աջակցել-չաջակցելու շուրջ։ Կարծիքները հենց սկզբից էլ տարբեր են եղել, հայության շրջանում որոշ ուժեր ընդդիմության են աջակցում, որոշ ուժեր էլ՝ իշխանությանը։ Ջավախքում էլ տեսել եք, Ախալքալաքում և Նինոծմինդայում Իշխող կուսակցությունը մոտ 90 տոկոսով հաղթել է։
Panorama.am-Հասարակական տրամադրություններն ինչպիսի՞ն են Վրաստանում, շա՞տ լարված են։
Ա. Միրզոյան-Կարծիքներ կային, որ հենց հայտարարվեն ընտրություննների էլեկտրոնային տվյալները, ընդդիմությունը կանցնի ակտիվ քայլերի։ Բայց ներկա պահին, ոնց որ թե հանգիստ է, տեսնենք այս ցույցի ժամանակ ինչ հայտարարություններ կարվեն, դրանցից արդեն պարզ կլինի ընդդիմությունն ինչի է պատրաստվում։
Գիտենք, որ ներկա պահին դե շատ քիչ երկրներից են շնորհավորել Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետին, շնորհավորողների թվում են նաև Ալիևն ու Փաշինյանը, բայց որոշ երկրներից դեռ որևէ արձագանք չկա, ըստ երևույթի, սպասում են վերջնական արդյունքների հրապարակմանը։
Ինչ վերաբերում է հասարակական տրամադրություններին ու դրանց բևեռացմանը, ապա, միգուցե փորձերը լինեն։ Գիտեք, որ մինչ այդ լուրջ ցույցեր են եղել օտարերկրյա ազդեցության օրենքի վերաբերյալ, դրա պատճառով բավականին մեծ ցույցեր են անցկացել Թբիլիսիում։ Հենց մայրաքաղաքում բավականին լուրջ են տրամադրությունները, որովհետև ընդդիմությունը և իրենց աջակցող արևմուտքը հաջողել է ժողովրդի որոշ զանգվածի հասցնել այն իրենց մոտեցումը, որ այս իշխանությունները ռուսամետ են, դա շատ ցավոտ է անդրադառնում վրաց ժողովրդի վրա՝ հաշվի առնելով պատմական իրադարձությունները։
Բայց նաև իշխանությունը կարողացավ հաջողությամբ հասցնել ժողովրդին այն մոտեցումը, որ եթե իրենք չլինեինք, արդեն վաղուց է Վրաստանում կբացվեր երկրորդ ճակատը։
Իրենց նախընտրական քարոզչության ժամանակ իշխանությունը հաճախ օգտագործել է տարբեր պաստառներ, որոնց վրա եղել են լուսանկարներ Ուկրաինայի մայարաքաղաքից ու տարբեր քաղաքներից, դրանք համեմատում էին Թբիլիսիի հետ և կոչ էին անում ժողովրդին ձայն տալ խաղաղությանը, և ոնց որ դա էլ իրենց մոտ ինչ-որ մասով հաջողվել է։
Հարակից հրապարակումներ`
- Միշել. Մտադիր ենք Վրաստանի հարցը քննարկել նոյեմբերին կայանալիք ԵԽ նիստում
- Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու ծրագիր չունի. Կոբախիձե
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին
- Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
- «Վրացական երազանք»-ը 90 մանդատ կստանա. Մամուկա Մդինարաձե
- Վրաստանի ԿԸՀ. Խորհրդարան կանցնի 5 ուժ
- 3 էքզիթ փոլ. Երկուսի արդյունքներով Վրաստանում հաղթում է ընդդիմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան