Ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում, որ կարող է պատերազմ լինել. ԳՇ պետ
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ռազմական էսկալյացիայի վտանգ չի տեսնում։
«Ոչ, այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա դրությամբ չկան, իրադրությունը սահմաններում գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդվարդ Ասրյանը։
Նրա խոսքով, ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում, որ կարող է պատերազմ լինել։
Է.Ասրյանը հայտարարեց, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ պետք է Հայաստանի օկուպացված տարածքները հետ բերել ոչ ռազմական ճանապարհով. «Այո, միանշանակ համաձայն եմ մեր վարչապետի ասածի հետ, որովհետև կա սահմանազատման գործընթաց, և դրա շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով»:
Նա վստահ է, որ այդպես է լինելու, վստահ է, որ ադրբեջանիցները հետ կգնան հայկական տարածքներից:
Լրագրողը հարցրեց՝ «սոված ադրբեջանցիները Ջերմուկի տարածքից գնացի՞ն, դուք ասում էի՝ շրջափակման մեջ կմնան, կսովածանան, կգնան», Ասրյանն ասաց. «Առաջարկում եմ այդ հարցն ինձ այլևս չտալ։ Դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է, ես պուբլիկայի դիմաց դա չեմ պատասխանի»։
Հարցին՝ «ինչո՞ւ են այտեղ, ինչո՞ւ չեն գնացել, ի՞նչ պլան էիք մշակել, որ պետք է գնան ու չեն գնացել», նա ասաց. «Դուք ձեր հարցադրումով կոնկրետ ուզում եք գլխավոր շտաբի պետին ասել, որ գլխավոր շտաբի պետը պետք է զենքը վերցնի ու գնա այնտեղից հանի՞։
Այդ հարցին չեմ պատասխանում»։
Անդրադառնալով բանակում մահվան դեպքերին, նա նշեց. «Ճիշտ չէ դեպքերի մասով կատարել քանակական համեմատություն, որովհետև յուրաքանչյուր զինծառայողի կյանքը՝ լինի սպա, ենթասպա, սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող, յուրաքանչյուրի կյանքը մեզ համար թանկ է: Ես կարող եմ ասել, որ 2023-ի, 2022-ի համեմատությամբ մենք դեպքերի աճ չունենք»։ Ասրյանը հրաժարվեց թվեր հրապարակելուց, քանի որ հրապարակման ենթակա չէ։
Նա նշեց, որ հասարակությունից արատավոր բարքերի ներթափանցում ունեն բանակ, պիտի արմատախիլ անել։
«Բարքերը մշտապես կան, ներթափանցում են։ Երկրորդ, չեմ ասում, որ չկան բանակում թերացումներ, թերություններ, բայց մեր առջև դրված բոլոր անելիքներն իրականացվելու են, որպեսզի հասցվեն նվազագույնին»,- ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ հետ համագործակցությանը, նա նշեց. «ԱՄՆ-ի հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն է։ Սա համագործակցություն է պաշտպանական ոլորտում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այս տարի ամեն ամիս 3 զինծառայող է զոհվել ոչ մարտական պայմաններում. Իրավապաշտպան
- Պայմանագրային զինծառայող է մահացել
- ՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց
- Զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
- Զինծառայող է զոհվել.ՊՆ