2021-24 թթ. ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման, նորոգման աշխատանքները. Ժաննա Անդրեասյան
«1991-2017 թթ. ՀՀ-ում 192 դպրոց է կառուցվել, մեծ մասը՝ աղետի գոտում, իսկ 2021-2024 թվականներին սկսվել են և ընթացքի մեջ են 223 դպրոցների կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքները»,-ԱԺ-ում մշտական հանձնաժողովներում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ վերջին 3 տարիներին կատարված աշխատանքն «ահռելի է», և ծավալով ավելին է, քան նախորդ 25 տարիների ընթացքում:
«Աշխատանքներն ավարտված են 35 դպրոցում, և նշածս դպրոցների շահառու երեխաների թիվը 72 հազար աշակերտ է, և նրանց թիվը կհասնի շուրջ 100 հազարի։ 300 դպրոցների ընդհանուր շահառու դպրոցների մասին եմ խոսում, որը մեր հանրապետության սովորողների շուրջ 25 տոկոսն է, ինչը նշանակում է, որ 300 դպրոցի ծրագրի միջոցով մենք հանրապետության շուրջ 25 տոկոս սովորողների համար ստեղծում ենք բարեկարգ և ժամանակակից պայմաններում սովորելու հնարավորություն»,-հայտարարեց Անդրեասյանը նախարարը:
Մինչ այդ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ 2025 թվականին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարիքների համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ։
«236 մլրդ 772 մլն դրամ կուղղվի ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Կապիտալ ծախսերը կկազմեն 125 մլրդ 855 մլն դրամ»,-հայտնեց Հովհաննիսյանը։
Ըստ ֆինանսների նախարարի՝ 2024 թվականի համեմատ ծախսերի աճը կկազմի 4,7 %։
Հարակից հրապարակումներ`
- Պարտք/ՀՆԱ հարաբերկացությունը 2025թ.-ին կլինի հարկաբյուջետային կանոններով սահմանված շեմային 50%-ից բարձր. Մարտին Գալստյան
- Խիստ մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի համեստ 1,8% աճը, ինչը համադրելի չէ բյուջեից ոլորտին ուղղվող հսկայական գումարներին. Սուրեն Պարսյան