Մեր հասունության մակարդակն այնպիսին է, որ մենք պետք է արդեն խաղանք ուրիշ լիգայում. Մարտին Գալստյան
«Մեր ներդրած դրամավարկային քաղաքականությունն աշխարհում լավագույններից է և մենք կարծում ենք, որ մեր հասունության մակարդակը և վստահությունը մեր քաղաքականության նկատմամբ այնպիսին է, որ մենք պետք է արդեն խաղանք ուրիշ լիգայում, ուրիշ խաղացողների, ավելի բարդ խնդիրների հետ առերեսվելու տեսանկյունից և մենք պատրաստ ենք այդ մարտահրավերները մեզ վրա վերցնել»-ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նկատեց, որ եթե ԿԲ-ն կարողանում է գնաճը կառավարելի դարձնել ոչ թե 4, այլ 3 տոկոս մակարդակի վրա, ապա այն ենթադրում է, որ ստեղծվում է մի միջվայր, որտեղ ծախսերը, որոնք կապված են բարձր տոկոսադրույքների հետ, փորձ է արվելու նվազեցնել։
«Մի բան է՝ կառավարել գնաճ, որը 2-3 % է, մեկ այլ բան է, որ գնաճը 4-5 % է: Այդտեղ քո խաղալու հնարավորությունը մի քիչ ավելի լայն է: Այս պարագայում մենք ասում ենք՝ մենք այնքան կոփել ենք մեզ, մկանային մասա ենք ձևավորել, որ կարող ենք այդ լիգայում խաղալ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ հարցը նաև քաղաքական բաղադրիչ ունի, քանի որ ցածր գնաճը մի կողմից ունի դրական ազդեցություններ, բայց մյուս կողմից եթե գնաճը բարձր է, պետության նոմինալ եկամուտները ավելի մեծ են և պետք է բալանսավորման խնդիր լուծել և որոշել թե երբ է ճիշտ ժամանակը այն իրագործելու համար: