Ուզում եք անունն օպտիմալացում դրեք, թե այլ բան, բայց փաստ է, որ 230 դպրոց փակվում է. Սերոբ Խաչատրյան
ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, թե ուսուցիչների կեսից ավելին ստանում է 300 դրամից ավել աշխատավարձ։ Նախարարը նաև հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, թե Հայաստանում դպրոցները չեն օպտիմալացվում, այլ իրենց քաղաքականության հմնական նպատակը որակյալ կրթության հասանելիության ապահովումն է։ Վերոնշյալ հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Panorama.am-ը դիմեց ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանին։
«Խոսքը գնում է կամավոր ատեստացիան հաղթահարած ուսուցիչների 50 %-ի մասն։ Նման բան չի կարող լինել, թե ամբողջ ուսուցչական մասի կեսն է բարձր աշխատավարձ ստանում, քանի որ ընդամենը 6-7 հազար ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Ենթադրում եմ, որ ԿԳՄՍ նախարարն ասում է, որ նրանց կեսը 300 հազար դրամից ավել աշխատավարձ է ստանում։
Ինչ վերաբերում է օպտիմալացմանն, ապա ասեմ, որ այսօր կա մոտավորապես 230 դպրոցի ցուցակ։ Դրանք պետք է փակվեն, քանի որ աշակերտների թիվն դրանցում քիչ է, և նրանց փոխարեն այդ շրջանների գյուղերից մեկում պետք է դպրոց բացվի, որտեղ պետք է հաճախեն այդ փակված դպրոցների աշակերտները։ Նախարարությունը հայտարարում է, թե այդ դպրոցները կապահովի ավտոբուսներով։ Այսինքն, այն գյուղերում որտեղ դպրոցները փակվեցին, այնտեղից երեխաներին ավտոբուսներով տեղափոխելու են այլ գյուղ։
Չենք կարող հստակ որակել երևույթը, բայց փաստ է, որ 230 դպրոց փակվում է, հիմա դրա անունը կարող ենք դնել խոշորացում, միաձուլում, օպտիմալացում, թե այլ... Օպտիմալացում է այն իմաստով, որ ծախսերը կրճատվում են՝ 3-4 փոքր դպրոց պահելու փոխարեն պետությունը պահում է մեկ դպրոց։ Բնականաբար կրճատումներ կլինեն ուսուցչական կազմում և ոչ բոլոր ուսուցիչները աշխատանք կգտնեն։ Նրանց մեծ մասը ստիպված կլինեն այլ գյուղեր գնալ, կամ չաշխատել»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։